Սուդանցի բժիշկ, որն աշխատում է առանց անզգայացման միջոցների և հարձակման վտանգի տակ․ հայտնի է «Ավրորա» մրցանակակիրը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 2025 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը շնորհել է բժիշկ Ջամալ Էլթայեբին։ 1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակը շնորհվում է նրանց, ովքեր վտանգում են իրենց կյանքն ուրիշներին փրկելու համար։

Սուդանի քաղաքացիական պատերազմի քաոսում Օմդուրմանի «Ալ Նաո» հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար և գլխավոր տնօրեն Ջամալ Էլթայեբը շարունակում է բաց պահել հիվանդանոցի դռները։ Լինելով մեծ Խարթումի տարածքի վերջին գործող հիվանդանոցներից մեկը՝ այն սպասարկում է վիրավորներին և տեղահանվածներին, որոնք օգնություն են փնտրում ռմբակոծությունների և փլուզվող ենթակառուցվածքների պայմաններում։ Մինչև հիմա բժիշկ Էլթայեբն իր անձնվիրության շնորհիվ հարյուրավոր կյանքեր է փրկել նույնիսկ ամենադժվարին պայմաններում. նա աշխատում է առանց էլեկտրաէներգիայի, անզգայացման միջոցների և հարձակման մշտական ​​​​վտանգի տակ։

Բժիշկ Էլթայեբը ծնվել է Սուդանի կենտրոնական հատվածում՝ Կորդոֆանում, ոստիկանի և ուսուցչի ընտանիքում։ Հոր աշխատանքի պատճառով ընտանիքը հաճախ է ստիպված եղել տեղափոխվել, և Ջամալը մեծացել է երկրի տարբեր քաղաքներում։ «Շատ հետաքրքիր փորձառություն էր»,- հիշում է նա։ «Դա ինձ հնարավորություն տվեց տեսնել Սուդանի բազմազանությունը, նրա պայքարն ու դիմադրողականությունը, որոնք ձևավորեցին ինձ այնպիսին, ինչպիսին կամ այսօր»։

Սուդանում կրթություն ստանալուց հետո նա մեկնեց Բելառուս՝ բժշկություն ուսանելու։ Վեց տարի արտասահմանում սովորելուց հետո վերադարձավ հայրենիք՝ աշխատելու որպես ընդհանուր պրոֆիլի բժիշկ։ Հետագայում շարունակեց մասնագիտացումն օրթոպեդիայի և վնասվածքաբանության ոլորտում՝ սովորելով Եգիպտոսի Ալեքսանդրիայի համալսարանում։ «Ես ուզում էի բժիշկ դառնալ, որովհետև ցանկանում էի ծառայել մարդկանց՝ իրենց համար ամենադժվար պահերին»,- բացատրում է նա։ «Մեծանալով՝ ես տեսա, թե որքան փխրուն կարող է լինել կյանքը, և որքան մեծ նշանակություն կարող են ունենալ մեկ մարդու հոգատարությունն ու գիտելիքը։ Բժշկությունն ինձ հնարավորություն տվեց կարեկցանքը վերածել գործողության, փրկել մարդկանց կյանքը, թեթևացնել տառապանքը և հույս բերել այնտեղ, որտեղ այն գրեթե կորած է»։ 2012 թ․ բժիշկ Էլթայեբը վերադարձավ Սուդան՝ սովորածը կիրառելու։

Երբ 2023 թ. բախումներ սկսվեցին երկու հակառակորդ զինվորական խմբավորումների միջև, երկրում իրավիճակը կտրուկ վատացավ։ «Պատերազմն ավերել է համայնքները, տեղահանել միլիոնավոր մարդկանց և թողել նրանց առանց սննդի, անվտանգության և բժշկական օգնության»,- բացատրում է բժիշկ Ջամալ Էլթայեբը։ Չնայած քաոսին՝ նա ականատես է եղել նաև անհավատալի խիզախության և համերաշխության։ «Ես տեսել եմ անհավանական տոկունություն, թե ինչպես են սովորական մարդիկ, տեղական խմբերն ու համայնքները համախմբվում՝ միմյանց օգնելու այն պահին, երբ ամեն ինչ փլուզվում է»։

Շատ հիվանդանոցներ փակվեցին Սուդանում հակամարտության բռնկումից հետո:

Երկու տարի անց իրավիճակը շարունակում է մնալ ծանր։ «Թեև կրակոցները մեր շրջանում մի փոքր թուլացել են, մարդիկ դեռ տառապում են սովից, չեն բավարարվում նրանց առաջնային կենսական կարիքները»,- ասում է բժիշկ Էլթայեբը։ Հիվանդանոցները կամ չափազանց ծանրաբեռնված են, կամ ավերված, իսկ բժշկական անհրաժեշտ պարագաները՝ սպառված։ «Հիվանդները գալիս են տարբեր վնասվածքներով կամ հիվանդություններով, և մենք հաճախ բավարար միջոցներ չենք ունենում նրանց բուժելու համար։ Մի քանի ամիս առաջ խոլերայի բռնկում ունեցանք։ Դա իսկական մղձավանջ էր և մեզ համար, և ամբողջ քաղաքի։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են աճում  թերսնման և մահվան դեպքերը, որոնք հնարավոր էր կանխել։ Կարծես ժամանակի հետևից վազելիս լինենք»։

Չնայած սպառվող ռեսուրսներին՝ բժիշկ Էլթայեբը շարունակում է դիմակայել։ «Ամեն օրն այստեղ նշանակում է մի արտակարգ իրավիճակից անցում մյուսին»,- ասում է նա։ «Վիրահատում ենք ռմբակոծությունից կամ կրակոցներից տուժած վիրավորներին՝ երբեմն ժամեր շարունակ և առանց հանգստի, կազմակերպում ենք հիվանդների տեղափոխությունը, հետևում նրանց, աջակցում ընտանիքներին, գործընկերներով աշխատում ենք՝ որքան հնարավոր է շատ կյանքեր փրկել։ Այստեղ՝ հիվանդանոցում, օրը գրեթե երբեք չի ավարտվում, բայց յուրաքանչյուր փրկված կյանք մեզ ուժ է տալիս շարունակելու»։

Այս տարիների ընթացքում նա ականատես է դարձել մարդկային բազմաթիվ պատմությունների, որոնցից մեկը մեկընդմիշտ դաջվել է նրա հիշողության մեջ․ «Երկու երեխա՝ Տագուան և Ֆարիսը, գնացել էին շուկա՝ մայրիկի համար ինչ-որ բան գնելու, երբ հրթիռը պայթել էր նրանց մոտ»,- հիշում է բժիշկ Էլթայեբը։ «Հարևանները բերեցին նրանց հիվանդանոց։ Երկուսն էլ ծանր վիրավոր էին։ Պետք է անմիջապես հենց շտապօգնության սենյակում անդամահատեի Տագուայի ոտքը և եղբոր՝ ոտքն ու ձեռքը, մինչդեռ անզգայացնողներ գրեթե չէին մնացել։ Նրանց մայրը եկավ երեք ժամ հետո՝ մտածելով, որ երեխաներն այլևս չկան։ Երբ տեսավ, որ նրանք ողջ են, անսահման էին նրա թեթևությունն ու երախտագիտությունը»։

Բժիշկ Էլթայեբը անհամար կյանքեր է փրկել, որոնցից շատերը՝ երեխաների։

Թեպետ մշտական ցավն ու կորստի զգացումը կարող են անհաղթահարելի դառնալ, բայց բժիշկ Էլթայեբը կենտրոնանում է կյանքի և ոչ մահվան վրա, ինչն էլ ուժ է տալիս նրան։ «Ես դիմանում եմ՝ կենտրոնանալով փրկված կյանքերի, ոչ թե կորուստների վրա»,- ասում է նա։ «Ես ինձ հիշեցնում եմ, որ իմ առաքելությունը հույս տալն է հուսահատության պահին։ Ուժեղ մնալն իմ հիվանդների համար ինքնին բուժման ձև է»։ Նա նաև երախտապարտ է իր ընտանիքին՝ մշտապես ուժ տալու համար։ «Կնոջս և երեխաներիս հետ խոսելն օգնում է թեթևացնել ցավը»,- ասում է նա։ «Նրանց ձայնը լսելն ինձ մխիթարում է և հիշեցնում, թե ինչի համար եմ պայքարում անգամ ամենածանր պահերին»։

Ըստ նրա՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի ոգին ապրում է այն ընտանիքներում, որոնք շնորհակալություն են հայտնում իրենց հարազատների կյանքը փրկելու համար, այն ծնողների մեջ, որոնք ամուր գրկում են իրենց երեխաներին, և այն հիվանդների աչքերում, որոնք գրեթե համոզված էին, որ կյանքն ավարտված էր։ «Այդ երախտագիտությունն է ինձ օգնել դիմանալ անքուն գիշերներին, երկարատև վիրահատություններին, անցնել կրակի միջով և դիմանալ, երբ իմ սեփական կյանքն էր վտանգի տակ»։

Ժամանակի ընթացքում մարդասիրության մասին նրա ընկալումն ավելի է խորացել։ «Իմ գործի մեջ դա նշանակում է յուրաքանչյուր հիվանդին դիտարկել ոչ թե որպես դեպք, այլ կյանք, որտեղ կա արժանապատվություն, ընտանիք և հույս։ Սկզբում մտածում էի, թե սա միայն կյանք փրկելու մասին է»,- խոստովանում է նա։ «Բայց հասկացա, որ այն նաև կարեկցանքի մասին է։ Այն լսելու, մխիթարելու և մարդկանց ուժ տալու մասին է՝ այն պահին, երբ նրանք զգում են, որ ուժ չունեն»։ Նրա խոսքով՝ իր ամենամեծ ուսուցիչները հենց իր հիվանդներն են։ «Նրանցից ես սովորել եմ ընտանիքը երբեք չընկալել որպես ինքնին տրված մի բան և շարունակել առաջ շարժվել՝ անկախ դժվարություններից։ Մարդկայնությունը դարձել է և՛ իմ ուղեցույցը, և՛ իմ նպատակը»։

 

Leave a Comment