Կարող են մեր եւ իշխանության շահերը համընկնել. Հովհաննավանքում «պատարագին» մասնակցած Տեր Տարոն քահանա Հունանյան

Տեր Տարոն քահանա Հունանյանի համար Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբի կողմից կարգալույծ հռչակված «տեր Արամի»՝ Ստեփան Ասատրյանի մասին որոշումը անվավեր է: Նա այսօր եզակի հոգեւորականներից էր, որ Հովհաննավանք էր եկել՝ մասնակցելու Ստեփան Ասատրյանի «պատարագին»:

«Կարգապահական հանձնախմբում քննված հարցը ըստ պատշաճի չի քննվել: Քանի որ Տեր Արամը ներկայացրել է նամակ, ըստ որի պետք է ներկայանար: Բայց հանձնախմբի որոշումը կայացվել է առանց Տեր Արամի ներկայությունն ապահովելու, ինչի հնարավորությունն ունեցել են իրենք: Ուստի, ընդունելի չէ՝ մարդուն դատում են առանց իր ներկայության՝ հաշվի առնելով, որ ինքը պատրաստ է եղել ներկայանալ լրագրողների ու իրավաբանի հետ:
Չեմ գտնում պատճառ, որը կարող էր խոչընդոտել Տեր Արամի ներկայությանը և նրա ներկայությամբ այդ հարցը քննելուն: Հետևաբար, անվավեր է ճանաչվում կարգապահական հանձնախմբի որոշումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Տարոն քահանա Հունանյանը:

«Տեր Արամը օծյալ հոգեւորական է: Ես պատահական չէ, որ այստեղ ներկա եմ: Գտնում եմ, որ այստեղ պատարագ է լինելու ու Աստծո կամքով է լինում: Պատարագը մատուցում է  օծյալ հոգեւորականը, իսկ օծյալ հոգեւորականի վրայից ոչ մեկ չի կարող օծումը ջնջել, եթե իր պահվածքով չջնջի»,- հավելեց Տեր Տարոնը:

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ի՞նքն  էլ է իշխանության ներկայացուցիչների պես կարծում, որ Վեհափառ Հայրապետը պետք  հեռանա, Տեր Տարոնը պատասխանեց՝ ժամանակը այդ հարցին կպատասխանի. «Կարող են մեր և իշխանության շահերը համընկնել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մտածենք ինչ-որ մեկի պես»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment