
Գյումրու քաղաքապետարանում քննչական գործողություններն իրականացվում են՝ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում համայնքապետարանի շենքում կատարվում են քննչական գործողություններ:
Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է երեկ՝ հենց քաղաքապետարանից, որտեղ ժամեր շարունակ քննչական գործողություններ են իրականացվել։ Իրավիճակը Գյումրիում խիստ լարված էր, քաղաքացիները հավաքվել էին Գյումրիի քաղաքապետարանի մոտ՝ ի պաշտպանություն Ղուկասյանի։ Իրավապահները ձերբակալություններ են իրականացրել՝ Ղուկասյանի աջակիցների շրջանում և շտապել քրեական վարույթ նախաձեռնել՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու և անկարգությունների հատկանիշներով։Իրավապահների աչքից, սակայն, վրիպել է՝ ոստիկանության խուլիգանական վարքագիծը։ Մասնավորապես, դիմակավորված ոստիկանները ոչ միայն բռնություն են գործադրել քաղաքացիների նկատմամբ, այլև՝ վնասել քաղաքապետարանի գույքը, կոտրել դուռը, սակայն քրեական վարույթ չի նախաձեռնվել։
Այս պահին իբրև զանգվածային անկարգությունների գործով ձերբակալված է 33 անձ, որոնց թվում նաև անչափահասներ կան։