«Խաղաղության շահառուն հայ քաղաքացին է, պատերազմի շահառուն ընդդիմությունը»՝ նշել է Հայկ Կոնջորյանը

Սեպտեմբերի 30-ին գումարված ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո պատգամավորների նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծն է:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հիմնական զեկույցում արձանագրել է, որ այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը, ստորագրվել է խաղաղության հռչակագիրը եւ, ըստ էության, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված է խաղաղություն: ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կարծում է, որ Ազգային ժողովը պետք է պաշտոնապես արձանագրի այս փաստը եւ հայտարարության ընդունմամբ աջակցի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանն ու կոչ անի բոլոր շահագրգիռ կողմերին ամրապնդելու եւ զարգացնելու հաստատված խաղաղությունը: Այս փաստի բերումով առաջարկել ենք հրավիրել ԱԺ նիստ եւ ընդունել այս հայտարարությունը»,- ընդգծել է խմբակցության ղեկավարը:

Հայտարարության նախագծի տեքստը՝ այստեղ:

Հարցի առնչությամբ ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ պատգամավորները: Ընդգծվել է, որ հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունները, բաց սահմաններն ավելի են ուժեղացնելու ՀՀ ժողովրդավարությունը, տնտեսությունը եւ իրավակարգերը, Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը նոր էջ են բացում կայուն զարգացման ու անվտանգության համար: Անդրադարձ է եղել խաղաղության կարեւորությանը հանրության բոլոր շերտերի համար: Նշվել է, որ օգոստոսի 8-ից հետո խաղաղության հաստատման սկիզբը Հայաստանում ընկալվում է որպես նոր քաղաքական ու հասարակական էջի բացում:

Հակափաստարկներ են ներկայացվել ընդդիմության այն վարկածի առնչությամբ, թե, իբր, համաձայնագիրը դեմ է պետական շահին: Տեսակետ է հնչել, որ պետք է ընդդիմությունն այսօր ապացուցեր, որ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնագիրն իրականություն չէ, բայց վերջիններիս բացակայությունը նիստին ապացուցում է իրենց փաստարկների բացակայության մասին:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն արտահերթ ելույթում նախ խոսել է մի շարք երկրների հետ մեր երկրի արդյունավետ հարաբերությունների մասին ու փաստել, որ խաղաղության գործընթացը կբերի անմիջական հարեւանների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ նույնպես դիվանագիտական հարաբերությունների կնքման եւ խաղաղության հաստատման: «Սա ինչ է, եթե ոչ կենսունակ պետության ճանապարհ, սա ինչ է, եթե ոչ երկխոսող, խաղաղ, ազատ եւ անկախ, իր քաղաքացիների համար անվտանգության ամենաբարձր երաշխիքներ տվող պետության ճանապարհ»,- նշել է ԱԺ փոխնախագահը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եզրափակիչ ելույթում արձանագրել է, որ հաստատված խաղաղության ամրապնդման հերթական քայլերից մեկն այսօր Կոպենհանգենում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի ընթացքում է տեղի ունեցել, որտեղ հանդիպել են Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը: Նրա խոսքով հերթական անգամ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը հանդիպման արդյունքում արձանագրում են, որ Հայաստանի տարածքում ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում գոյություն ունի միայն մեկ՝ «TRIPP» նախագիծը: «Խաղաղության շահառուն հայ քաղաքացին է, պատերազմի շահառուն ընդդիմությունն է: Դրա համար, որտեղ կա խաղաղություն, չկա ընդդիմություն»,- շեշտել է Հայկ Կոնջորյանը:

Ազգային ժողովը հայտարարությունն ընդունել է 64 կողմ, 0 դեմ եւ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment