
Դիտում ՝ 22 552
2025 թվականի հունվարից հունիս ամիսների համար պլանավորված 45 մլրդ 108 մլն 792 հազար 300 դրամ սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է 39 մլրդ 939 մլն 589 հազար 200 դրամը, կատարողականը՝ 88.5%, թերակատարումը՝ շուրջ 5 մլրդ դրամ:
Թերակատարման հիմնական պատճառը մետրոպոլիտենի հավաքագրված ուղեվարձի՝ շուրջ 3 մլրդ դրամ թերակատարումն է։
Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ճշգրտեց՝ դա մետրոպոլիտենի թերհավաքագրումը չէ, այդ 3 մլրդ դրամն ավտոբուսի փոխադրավարձի մասով թերհավաքագրումն է:
Անդրադառնալով թերհավաքագրված գումարին՝ քաղաքապետն ընդգծեց՝ հաջորդ քայլով պետք է աշխատել փոխադրամիջոցներում հավաքագրումն էականորեն բարելավելու ուղղությամբ, ապա դիմելով Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանին՝ ասաց. «Մենք օրենսդրությունն արդեն ունեք: Ակնկալվում է, որ դուք շուտով ներկայացնեք աշխատանքային ձեր ծրագիրը, թե ինչպես ենք անում, որպեսզի արագ անցնենք ավելի բարձր արդյունավետությամբ հավաքագրման»:
Կիսվել սոց․ ցանցերում