ԵՄ երկրները համաձայնության են եկել պաշտպանական նոր հիմնադրամ ստեղծելու շուրջ․ Reuters

Եվրոպական միության անդամ պետությունները սկզբունքորեն համաձայնության են հանգել ստեղծելու 150 միլիարդ եվրո կամ 168 միլիարդ դոլար բյուջեով՝ Եվրոպայի անվտանգության գործողությունների  հիմնադրամ Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդելու համար։ Այս մասին հայտնել են Reuters-ը և բրիտանական Financial Times-ը։

Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդման կարիք ունի․ այս տրամաբանությամբ՝ ԵՄ երկրները համաձայնության են հանգել 150 միլիարդ եվրո բյուջեով՝ Եվրոպայի անվտանգության գործողությունների (SAFE) հիմնադրամ ստեղծելու հարցի շուրջ՝ հաղորդում են Reuters-ը և Financial Times-ը։

ԵՄ դիվանագետը Reuters-ին ասել է, որ հիմնադրամը կֆինանսավորվի համատեղ փոխառությունների միջոցով և վարկեր կտրամադրի ԵՄ անդամներին և Ուկրաինային պաշտպանությունն ամրապնդելու և եվրոպական զենքի արդյունաբերությունը զարգացնելու նախաձեռնությունների համար։

Բրյուսելից վերցված վարկերը կարող են փոխանցվել պաշտպանական համակարգերին համատեղ գնումներ կատարելու համար, ինչը նպատակ ունի վերազինելու Եվրոպան։

Ամիսներ տևած բանակցություններից հետո առաջարկը քաղաքական հավանության է արժանացել նախօրեին՝ FT-ին հայտնել են իր հավաստի աղբյուրները։ Սակայն, պաշտոնական որոշումը կհրապարակվի մայիսի 21-ին։

Եվրոպայի անվտանգության գործողությունների հիմնադրամի ստեղծման  հարցը և Եվրոպական պաշտպանական արդյունաբերական ծրագիրը (EDIP) քննարկվել են մայիսի 12-ին Լոնդոնում «Վայմարյան եռանկյունու» ընդլայնված հանդիպման ժամանակ։

Ձևաչափը ներառում է Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Միացյալ Թագավորությունը, Իտալիան և Իսպանիան։ Դրան մասնակցում է նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Պատրաստվածություն 2030» ծրագրի նպատակն է, որ ԵՄ-ն տասնամյակի վերջում պատրաստ լինի դիմակայելու նոր մարտահրավերներին։

Եվրոպան պետք է պատասխանատվություն ստանձնի իր պաշտպանության համար․այս տրամաբանությամբ առաջնորդվելով՝ մարտի 6-ին Բրյուսելում գումարված գագաթնաժողովից հետո Եվրամիության պետությունները հայտարարեցին, որ առաջիկա տարիներին պաշտպանական կարողություններն ամրապնդելու համար կծախսեն շուրջ 800 միլիարդ եվրո։

Ակնկալվում է, որ 650 միլիարդ եվրո ստանալու համար ԵՄ երկրներին թույլատրվելու է ավելացնել պետական ​​պարտքը, իսկ մնացած 150 միլիարդը կհատկացվի ԵՄ բյուջեով ապահովված վարկերի տեսքով։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստացել է մոտ ապագայում ներկայացնել Եվրոպայի վերազինման ավելի մանրամասն ծրագիր։ Մարտի 11-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի պատգամավորների առջև ելույթ ունենալով՝ նա կրկին կոչ էր արել ԵՄ երկրներին ավելացնելու անվտանգության ապահովման  ծախսերը։ Ֆոն դեր Լայենը նշել էր, որ Եվրոպան այլևս չի կարող հույսը դնել ԱՄՆ-ի պաշտպանության վրա, հետևաբար պետք է «ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի»։

«Պատրանքների ժամանակն անցել է», — ընդգծել էր Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ նշելով, որ Ռուսաստանն այժմ ռազմական նպատակներով ավելի շատ է ծախսում, քան եվրոպական բոլոր երկրները միասին։

Եվրոպայի պաշտպանության և պատրաստվածության վերաբերյալ «Սպիտակ գրքում» նշվում է, որ մինչև 2030 թվականը Ռուսաստանը կմնա Եվրոպայի անվտանգության «հիմնարար սպառնալիքը»։

Leave a Comment