Եվրոպական միության անդամ պետությունները սկզբունքորեն համաձայնության են հանգել ստեղծելու 150 միլիարդ եվրո կամ 168 միլիարդ դոլար բյուջեով՝ Եվրոպայի անվտանգության գործողությունների հիմնադրամ Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդելու համար։ Այս մասին հայտնել են Reuters-ը և բրիտանական Financial Times-ը։
Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդման կարիք ունի․ այս տրամաբանությամբ՝ ԵՄ երկրները համաձայնության են հանգել 150 միլիարդ եվրո բյուջեով՝ Եվրոպայի անվտանգության գործողությունների (SAFE) հիմնադրամ ստեղծելու հարցի շուրջ՝ հաղորդում են Reuters-ը և Financial Times-ը։
ԵՄ դիվանագետը Reuters-ին ասել է, որ հիմնադրամը կֆինանսավորվի համատեղ փոխառությունների միջոցով և վարկեր կտրամադրի ԵՄ անդամներին և Ուկրաինային պաշտպանությունն ամրապնդելու և եվրոպական զենքի արդյունաբերությունը զարգացնելու նախաձեռնությունների համար։
Բրյուսելից վերցված վարկերը կարող են փոխանցվել պաշտպանական համակարգերին համատեղ գնումներ կատարելու համար, ինչը նպատակ ունի վերազինելու Եվրոպան։
Ամիսներ տևած բանակցություններից հետո առաջարկը քաղաքական հավանության է արժանացել նախօրեին՝ FT-ին հայտնել են իր հավաստի աղբյուրները։ Սակայն, պաշտոնական որոշումը կհրապարակվի մայիսի 21-ին։
Եվրոպայի անվտանգության գործողությունների հիմնադրամի ստեղծման հարցը և Եվրոպական պաշտպանական արդյունաբերական ծրագիրը (EDIP) քննարկվել են մայիսի 12-ին Լոնդոնում «Վայմարյան եռանկյունու» ընդլայնված հանդիպման ժամանակ։
Ձևաչափը ներառում է Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Միացյալ Թագավորությունը, Իտալիան և Իսպանիան։ Դրան մասնակցում է նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Պատրաստվածություն 2030» ծրագրի նպատակն է, որ ԵՄ-ն տասնամյակի վերջում պատրաստ լինի դիմակայելու նոր մարտահրավերներին։
Եվրոպան պետք է պատասխանատվություն ստանձնի իր պաշտպանության համար․այս տրամաբանությամբ առաջնորդվելով՝ մարտի 6-ին Բրյուսելում գումարված գագաթնաժողովից հետո Եվրամիության պետությունները հայտարարեցին, որ առաջիկա տարիներին պաշտպանական կարողություններն ամրապնդելու համար կծախսեն շուրջ 800 միլիարդ եվրո։
Ակնկալվում է, որ 650 միլիարդ եվրո ստանալու համար ԵՄ երկրներին թույլատրվելու է ավելացնել պետական պարտքը, իսկ մնացած 150 միլիարդը կհատկացվի ԵՄ բյուջեով ապահովված վարկերի տեսքով։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստացել է մոտ ապագայում ներկայացնել Եվրոպայի վերազինման ավելի մանրամասն ծրագիր։ Մարտի 11-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի պատգամավորների առջև ելույթ ունենալով՝ նա կրկին կոչ էր արել ԵՄ երկրներին ավելացնելու անվտանգության ապահովման ծախսերը։ Ֆոն դեր Լայենը նշել էր, որ Եվրոպան այլևս չի կարող հույսը դնել ԱՄՆ-ի պաշտպանության վրա, հետևաբար պետք է «ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի»։
«Պատրանքների ժամանակն անցել է», — ընդգծել էր Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ նշելով, որ Ռուսաստանն այժմ ռազմական նպատակներով ավելի շատ է ծախսում, քան եվրոպական բոլոր երկրները միասին։
Եվրոպայի պաշտպանության և պատրաստվածության վերաբերյալ «Սպիտակ գրքում» նշվում է, որ մինչև 2030 թվականը Ռուսաստանը կմնա Եվրոպայի անվտանգության «հիմնարար սպառնալիքը»։