Ոչ բոլոր սնկերն են ուտելի – Live News

Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ: Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն):

Սնկից թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում.

  • Սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ:
  • Չհավաքել սունկ ճանապարհների եզրերից:
  • Ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել:
  • Ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական մոտեցումները, ըստ որոնց` թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը:
  • Չուտել հում սունկ:
  • Երեխաների սննդում սունկ չներառել:
  • Խորհորդ չի տրվում ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց սննդում օգտագործել սունկ:
  • Սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր:
  • Թարմ սունկը 1 օրից ավելի չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում:
  • Չզբաղվել ինքնաբուժմամբ:

Սնկից առաջացած թունավորումները ունենում են սուր ընթացք: Առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամ:

Կլինիկական հիմնական ախտանշաններն են`

  • որովայնի կտրուկ ցավը,
  • սրտխառնոցը, անընդհատ փսխումները,
  • գլխապտույտը, գլխացավը, գիտակցության կորուստը,
  • առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, անհագ ծարավի զգացումը,
  • դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը,
  • հալյուցինացիաները` առանց քնկոտության, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարումը:

Հիշեցնենք, որ առաջին նշանների ի հայտ գալուն պես անմիջապես պետք է դիմել բժշկի:

Leave a Comment