Աշխարհը փոխվո՞ւմ է

Աշխարհում շատ բան այսօր, հիրավի, փոխվում է: Այդ մասին ավելի ու ավելի հաճախ վկայում է նաեւ միջազգային մամուլը: Հրապարակումների մի ստվար մասը վերաբերում է երկար ժամանակ աշխարհակարգ թելադրող Արեւմուտքին՝ ԱՄՆ-ին ու Եվրոպային:

Համաշխարհային ասպարեզում մեծ տերությունների եւ տարածաշրջանային տարբեր պետությունների տեղի ու դերի, ուժերի հարաբերակցության, ազդեցության գոտիների ու կենտրոնների փոփոխության գործընթացներն անտարբեր չեն կարող թողնել նաեւ մեզ նման փոքր պետություններին նրանով, որ կախված նաեւ մեր պետական մտածողության մակարդակից ու գործողություններից, այդ տեղաշարժերը  կարող են մեզ համար ինչպես լրջագույն նոր մարտահրավերների, այնպես էլ գուցե ինչ-ինչ նոր հնարավորությունների դուռ բացել:

«ԱՄՆ-ը վերցնում է ինչ ցանկանում է, իսկ վասալները տալիս են ինչ պարտավոր են»

Սեպտեմբերի կեսին այս վերնագրով հոդված է հրապարակել չեխական «Կասոպիս արգումենտ» ( asopis argument) էլեկտրոնային կայքը: Խոսքը վերաբերում է ամերիկյան ուժայինների այս տարվա հունվարյան ներխուժումից ու Վենեսուելայի նախագահի առեւանգումից հետո վերջերս այս երկրի հետ ԱՄՆ-ի կնքած նավթային համաձայնագրին: Հրապարակման հեղինակի վկայությամբ, համաձայնության անհավասար պայմանները եւ դրա ոչ շահավետությունը այդ նավթի տեր Վենեսուելայի համար այնքան ակնառու են, որ անգամ ամերիկյան ազդեցության ջատագով, այժմ առաջատար ընդդիմադիր, խաղաղության անցյալ տարվա Նոբելյան մրցանակակիր Մարիա Մաչադոն է հայտարարել, թե նման պայմանագրերի կնքման բավարար իրավասություն Կարակասի ներկա կառավարությունը չունի:

Ըստ էության ամերիկացիները բռնազավթել են նավթը Վենեսուելայում, ինչը վաղուց արել են նաեւ Իրաքում, դրանով իսկ ցույց տալով ինչպես է Վաշինգտոնը համաձայնագրերի ու ժողովրդավարության մասին հռետորաբանության ներքո առաջ տանում իր շահերը՝ ի վնաս կախյալ պետությունների, գրում է կայքը: Որովհետեւ, ըստ այդմ, վասալ կառավարությունները չեն կարող մերժել նման համաձայնագրերն ԱՄՆ-ի հետ, ու դա վերաբերում է ոչ միայն Կարակասին, այլ նաեւ Բաղդադին ու մյուսներին: Վենեսուելան, լինելով աշխարհում ամենահարուստ նավթային պաշարներ ունեցող երկիրը, ամերիկացիների վերահսկողությանն է հանձնում դրանց մեկ հինգերորդ մասը (մնացած մասն առայժմ մշակելի չէ): Եվ հատկանշական է, որ հանձնում է հարյուր տարով, ստանալով դրանից եկամուտների չնչին մասը:

Ու այս դեպքում շատ բան չի փոխվում նաեւ նրանից որ, ինչպես գրում է ֆրանսիական «Ֆիգարո»-ն, Վենեսուելան իր նավթային հարստության վրա «պահպանում է սեփականության իրավունքն ու ինքնիշխանությունը»:

Բայց…

«ԱՄՆ-ի անվերապահ ազդեցության դարը մոտենում է ավարտին» 

Նման եւ ավելի կտրական պնդումներով վերնագրերով ու ենթավերնագրերով հրապարակումներ են հաճախացել ինչպես այլ երկրների, այնպես էլ գուցե ավելի շատ՝ հենց ամերիկյան տարբեր լրատվամիջոցներում: Իրանի հետ պատերազմն արդեն լուրջ վնաս է հասցրել ամերիկյան տնատնտեսություններին,- գրում է բրիտանական «ի Փայփըր» (The i Paper) օրաթերթը:- Սակայն այն ճգնաժամը, որը կարող է զգալիորեն վատթարանալ սրվելու դեպքում, Միացյալ Նահանգներին ավելի ուժեղ կհարվածի, քան բուն  մարտական   գործողությունները:

Որքան էլ նախագահ Թրամփը լավատեսորեն գնահատի իրավիճակը Մերձավոր Արեւելքում, այն իրականում իրենց համար նախանձելի չէ: Ինչպես գրում է ամերիկյան «Ատլանտիկ» հանդեսը, վերջին ամբողջ կես տարվա ընթացքում ԱՄՆ-ի ողջ ռազմական հզորությունը բավարար դուրս չեկավ «ջախջախելու Իրանի բռնարար վարչակարգը՝ իր լճացած տնտեսությամբ, էժան հրթիռներով ու անօդաչուներով»: Ամերիկյան մերձավորարեւելյան ռազմաբազաներն այժմ ոչնչացված կամ էականորեն վնասված են իրանական գրոհների հետեւանքով, «Իրանի հետ պատերազմը հյուծել է Պենտագոնի սպառազինության որոշ ամենակարեւոր ու արդիական տեսակների պաշարները», որոնց ժամանակին համալրումը եւս խնդիր է:

Սերբական «Պեչատ» շաբաթական հանդեսը «Ամերիկյան կայսրությունն» ընթանում է դեպի իր մայրամուտը» ենթավերնագրով հրապարակման մեջ մասնավորապես բերում է աֆրիկացի քաղաքագետ Մոհամեդ Լամին Կաբայի գնահատականը ՌԴ  արեւելագիտության ակադեմիական ինստիտուտի New Eastern Outlook («Նոր արեւելյան տեսություն») կայքից: «Ամերիկայի վերջին Կեսար Թրամփը տատանվում է,- ասվում է այնտեղ:- Նա ունի Իրանում պատերազմը պարտվելու միայն երկու տարբերակ: Առաջինը՝ հրաժարվել Հորմուզի նեղուցից, ինչը կնշանակեր նրա քաղաքական կարիերայի ավարտ (ամենաքիչ վնասը). երկրորդը՝ շարունակել պատերազմը, որը նա արդեն պարտվել է, եւ դա վերջ կդնի ամերիկյան գերիշխանությանը, որը նա, ինչպես պնդում են, փորձում է պահպանել»: 

Մերձավոր Արեւելքում աճում է Չինաստանի ազդեցությունը

Մերձավոր Արեւելքում Պեկինի սրընթաց աճող ազդեցությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում ազդեցության աճ կարելի է ապահովել շատ ավելի էժան ճանապարհով, քան Վաշինգտոնը ենթադրում է, եւ առանց խոցելի ռազմական օբյեկտների լայն ցանց պահելու: Նման կարծիք է հայտնում ամերիկյան Քուինսի ինստիտուտի Responsible Statecraft (RS) առցանց պարբերականը: Ինչպես նշում են այդ վերլուծական հարթակի փորձագետները, մինչ Պենտագոնը քննարկում է Իրանի հետ պատերազմի ընթացքում վնասված ամերիկյան բազաների վերականգնման հարցը, Չինաստանն իր ազդեցությունը Մերձավոր Արեւելքում ընդլայնում է՝ այնտեղ ոչ մի զինվոր չտեղակայելով:

«ԱՄՆ բազաների համակարգը տարածաշրջանում խոցելի է եւ թանկ արժեցող: Դրա պաշտպանները պնդում են, թե այդ ծախսերն արդարացված են՝ հայտարարելով, որ եթե այն քանդվի, առաջացած դատարկ տեղը Պեկինը կբռնի»,- գրում է RS-ը:-  Տարածաշրջանում Չինաստանի փորձը հերքում է այս մտահոգությունները՝ ցույց  տալով որքան է Վաշինգտոնը շփոթում ռազմական ուժը ազդեցության հետ»: Պեկինը հենվում է դիվանագիտության եւ այն քաղաքական կշիռի վրա, որը կուտակել է տարածաշրջանի երկրների հետ իր լայն հարաբերությունների միջոցով: Մերձավոր Արեւելքում ազդեցությունը չի պահանջում ռազմական ներկայություն, ու հաստատ նաեւ՝ ոչ ԱՄՆ-ի մասշտաբներով»,- ընդգծում է լրատվամիջոցը:

«Եվրոպան հայտնվել է համաշխարհային քաղաքականության  ծայրամասում»

Եվրոպան այլեւս չի կարող իրեն համարել օրինակ ամբողջ աշխարհի համար, այս պնդումն էլ անում է շվեյցարական Neue ZՖrcher Zeitung (NZZ) գերմանալեզու օրաթերթը: Ամերիկյան գերիշխանության դարաշրջանի ավարտի հետ աշխարհակարգի ներկայիս վերափոխման վրա եվրոպացիները համարյա ազդեցություն չունեն, գրում է թերթը: Տեխնոլոգիապես մայրցամաքը զգալիորեն հետ է մնացել Միացյալ Նահանգների եւ Արեւելյան Ասիայի արագ զարգացումից: Եվրոպացիները մտահոգված են վերջին տարիների զանգվածային ներգաղթով, իսկ նրանցից շատերը կորցրել են վստահությունը իրենց երկրների քաղաքական ղեկավարության նկատմամբ: Իրենց աշխարհի կենտրոնը համարելու գաղափարը  նրանց մտքով անգամ չի անցնում: Մաաստրիխտի պայմանագրի կնքման նախաշեմին, որի հետ կապված էր 1992 թվականին Եվրոպական Միության ստեղծումը, ենթադրվում էր արթնացնել նոր եվրոպական ոգի, կոչված ամրապնդելու եվրոպական միասնությունն ու համերաշխությունը: Սակայն ըստ թերթի տարբեր գնահատումների՝ Եվրոպան այսօր սկսել է վերածվել մի տեսակ գավառի՝ Ասիական մայրցամաքի եզրին: Այն, ինչպես նշվում է, այլեւս ոչ ոք չի համարում աշխարհի կենտրոնը, անգամ իրենք՝ եվրոպացիները: Ստեղծվում են ուժային նոր կենտրոններ: Իսկ դա, ըստ հրապարակման, նշանակում է, որ եվրոպացիները հայտնվել են այդ կենտրոնների ծայրամասում:

«Արեւմուտքը ազատ անկման վիճակում է». այս պնդմամբ հոդվածով էլ հանդես  է եկել բրիտանական «Գարդիան» ազդեցիկ օրաթերը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

The post Աշխարհը փոխվո՞ւմ է appeared first on Ազգ.

Leave a Comment