
Երկրապահ կամավորական միության նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի կարծիքով՝ Հայաստանն այսօր, ըստ էության, չունի միջազգայնորեն ճանաչված պետական սահման։
«Տա Աստված, մենք վերջնականապես ունենանք պետական սահմաններ և լիովին անկախ լինենք»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում, շնորհավորելով Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձը, այսօր հայտարարեց Սասուն Միքայելյանը։
Նրա խոսքով՝ սահմանազատման գործընթացի արդյունքում դեռ պետք է հաստատվի Հայաստանի 29 743 քառակուսի կիլոմետր տարածքն իր սահմաններով։
«Կա՞ պետություն, որ առանց պետական սահմանների անկախ էր, միջազգայնորեն ճանաչված, մենք ասում ենք՝ անկախ ենք, կա՞ օրինական սահման, միջազգայնորեն ճանաչված»,- հավելեց Միքայելյանը:
Եռաբլուրում արած նրա այս հայտարարությանն աջակցեց նաև ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պնդելով, թե սահմանի չգոյությունը կարող է պատերազմի պատճառ դառնալ։
Գործադիր իշխանությունը, մինչդեռ, վարչապետի գլխավորությամբ մշտապես ընդգծել է, որ Ադրբեջանի հետ սահմանազատման ընթացքում նոր սահմաններ չեն գծվում, այլ միայն վերարտադրվում են ԽՍՀՄ տարիներից գոյություն ունեցող իրավական սահմանները։
Չնայած սրան՝ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանը շեշտեց, որ սահմանազատումը պետք է փաստի այդ սահմանների իրական լինելը։
«Պետական սահմանի չգոյությունը կարող է պատերազմի պատճառ դառնալ։ Եվ ես կարծում եմ՝ ինչքան շուտ հարևան երկրների հետ սահմանի կայացման իրավական պրոցեսը ավարտենք, այնքան հանգիստ միջազգային իրավունքի պարտադրանքի մեջ կհայտնվեն բոլոր հարևան երկրները մեզ հետ միասին»,- նշեց Քոչարյանը։