ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում բազմիցս կոչ է արել դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, հայտնել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Աղբյուրի պնդմամբ՝ Թրամփը մտահոգություն է հայտնել, որ նման հարվածները նպաստում են աշխարհում դիզելային վառելիքի գների բարձրացմանը։
«Զրույցի ընթացքում «դիզել» բառը բազմիցս հիշատակվել է»,-նշել է Axios-ի զրուցակիցը։
Զելենսկին կիրակի երեկոյան հայտնել էր Թրամփի հետ նոր հեռախոսազրույցի մասին։ Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են լարվածության թուլացման հնարավոր քայլերը և անվտանգության առանցքային հարցեր։
«Կան գաղափարներ լարվածության թուլացման միջոցառումների և հիմնարար անվտանգության հարցերի վերաբերյալ։ Մենք աշխատում ենք ամերիկյան կողմի հետ և պատրաստ ենք իսկապես լուրջ քայլերի դիմել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին Լինդսի Գրեհեմի նախաձեռնությունը ստորագրելու համար, որը հնարավորություն է տալիս զգալիորեն խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ այս շաբաթ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, հանդիպելու է Թրամփի հետ։ Կիևի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը Axios-ին ասել է, որ հանդիպումը նախատեսված է երեքշաբթի։
Կիրակի Ուկրաինան հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել է Մոսկվային։ Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետն այն անվանել է մինչ այժմ տեղի ունեցած ամենազանգվածային հարձակումը՝ պնդելով, որ շաբաթ երեկոյից Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 450 անօդաչու թռչող սարք։
Դրանցից մի քանիսը հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին՝ հրդեհ առաջացնելով տարածքում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է «Ֆլամինգո» թևավոր հրթիռներ խոցելու մասին։
Սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփը Զելենսկիին կոչ է անում դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման ենթակառուցվածքների վրա հարվածները։ Սեպտեմբերի 13-ին՝ Իռլանդիա կատարած այցի ընթացքում, նա հայտարարել էր, որ նման հարձակումները բացասական հետևանքներ են ունենում ամբողջ աշխարհի համար։
Ավելի ուշ Թրամփը պնդել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են ձեռնպահ մնալ միմյանց էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելուց։ Սակայն ո՛չ Մոսկվան, ո՛չ Կիևը պաշտոնապես չեն հաստատել նման պայմանավորվածության առկայությունը։