Սահմանադրության փոփոխությունից մինչև սահմանազատում և արտաքին միջամտություն․ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում էր

Խաղաղության օրակարգ, TRIPP-ի գործարկում, Սահմանադրության փոփոխություն և արտաքին միջամտություն։ Կառավարության 2025-ի ծրագիրը ԱԺ գլխադասային հանձնաժողովում ներկայացնելիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խոսել է Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքական գրեթե բոլոր թեմաներից։ Նա անդրադարձել է երկրի անվտանգությանն ու վարչապետի ակնարկած պատերազմի հավանականությանը, ապաշրջափակմանն ու ռազմավարական հարաբերություններին։ Արտգործնախարարը մասնավորապես ընդգծել է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում ՀՀ սահմանադրության փոփոխության հարց չկա, բայց ադրբեջանական կողմից հստակ դիրքորոշում կա․ խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվի, քանի դեռ, Ադրբեջանի ղեկավարության կարծիքով, Հայաստանի մայր օրենքը տարածքային նկրտումներ ունի այդ երկրի նկատմամբ։

2025-ի արտաքին քաղաքական գլխավոր իրադարձությունները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության հռչկագիրն ու դրանից բխող՝ տարածաշրջանի ապաշրջափակման և TRIPP նախագծի մասին եռակողմ փաստաթղերն էին․ ԱԺ-ում կառավարության կատարողականը ներկայացնելիս այսպիսի հայտարարություն արեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարը ավելորդ չհամարեց ընդգծել, որ ապաշրջափակումը լինելու է միայն Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռմխելիության պայմանով։ Միրզոյանի խոսքով՝ ապաշրջափակումը քաղաքական դաշտում դեռ մնում է ամենաշահարկվող թեմաներից մեկը, ուստի նախարարը ևս մեկ անգամ հիշեցրեց է՝ ինչ է TRIPP–ը․

«Մեծ հաշվով՝ ունի երեք շերտ այս նախագիծը, որը ներառելու է և՛ երկաթուղային, և՛ ենթադրաբար ապագայում ավտոմոբիլային ճանապարհային, և՛ նաև նավթագազամուղային, էլեկտրական մալուխների և այլ կապակցվածություննները։ Սա մի մեծ տնտեսական նախագիծ է, որը երեք հիմնական գործառույթ ունի, առաջինը՝ Հայաստանի կապը երրորդ երկրների հետ՝ Ադրբեջանի տարածքով, և Հայաստանի կապն իր հետ, այսինքն՝ Հայաստանի ենթադրաբար ներպետական կապի համար՝ Ադրբեջանի տարածքով․ սա՝ մի շերտ։ Երկրորդ շերտը՝ Ադրբեջանի կապը՝ երրորդ երկրների հետ, Ադրբեջանի կապը՝ իր հետ, օրինակ, հիմնական մասը՝ Ադրբեջանի և Նախիջևանի հետ, և երրորդ շերտը՝ երրորդ երկրների հետ կապը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքով, օրինակ՝ Ղազախստան- Պորտուգալիա կապը կամ Ղազախստան-Թուրքիա կապը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքով»։

ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններից հանձնաժողովի նիստին ներկա էին միայն «Հայաստան» խմբակցության անդամներ Գեղամ Մանուկյանը և Քրիստինե Վարդանյանը։ Մանուկյանը հիշեցրեց Միրզոյանի այն հայտարարությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության երաշխավորը հենց այդ երկրներն են․

«Երբ Դուք ասում եք, որ խաղաղության երաշխիքը մենք ենք, սահմանազատման, սահմանագծման գործընթացում Ադրբեջանը հրաժարվում է Ջերմուկի օկուպացված տարածքներից դուրս գալուց։ Լուծումը ո՞րն է․ հատկապես պետք է նկատի ունենանք, որ այդ տարածքներում հզորագույն ամրաշինական աշխատանքներ են ադրբեջանցիները կատարում»։

Հարցը պետք է հասցեագրվի և լուծվի սահմանազատման ու սահմանագծման գործընթացով, որը դեռ Վայոց ձոր չի հասել՝ պատասխանեց Արարատ Միրզոյանը․

«Ո՞վ ասաց, որ Ադրբեջանը հրաժարվում է հասցեագրելուց նաև այդ հատվածի սահմանների հարցը՝ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի ընթացքում։ Արդեն քննարկեցինք՝ ինչ իրավական հիմքերով, ինչ քարտեզների հիման վրա է լինելու դա․ հենց սահմանազատման գործընթացի շրջանակում։ Ձեր պնդումը, որ Ադրբեջանը հրաժարվում է, չի համապատասխանում իրականությանը»։

Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը արտգործնախարարին երկու հարց ուներ․ Հայաստանը հումանիտար օգնություն ուղարկե՞լ է հարևան Իրան, և արդյո՞ք իշխանությունը փոխում է Սահմանադրությունը Ադրբեջանի պահանջով․

«Ես ուրիշ հարց ունեմ․ բանակցությունների ընթացքում երբևէ արտաքին գործերի նախարարությունը բարձրաձայնե՞լ է Ադրբեջանի սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը, որը կոնկրե՛տ, շատ ավելի ուղիղ տարածքային պահանջներ ունի իր բոլոր հարևաններից» ։

Արարատ Միրզոյանն առաջին հարցին հարճ արձագանքեց․ կառավարությունը մարդասիրական օգնություն ուղարկել է Իրան, հիմնականում դեղորայքի տեսքով, բայց չի ցանկացել հրապարակային հայտարարություն անել այդ մասին։ Ինչ վերաբերում է բանակցությունների ընթացքում Սահմանադրության մասին քննարկումներին, Միրզոյանը վստահեցնում է՝ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ թե՛ փակ դռների հետևում քննարկումների, թե՛ բաց բանակցությունների ժամանակ հայտարարել են՝ դրա մեջ տարածքային հավակնության որևէ պնդում չկա, հետևաբար այն փոխել-չփոխելու հարցը երկու երկրների քննարկման առարկա չէ։

«Իրենք ասում են՝ շատ լավ, մենք չենք բանակցում, ուղղակի, ձեզ տեղեկացնում ենք՝ լավ, խնդիր չկա, ձեր ներքին գործն է, բայց ձեզ տեղեկացնում եք, որ քանի դեռ ձեր Սահմանադրությունը այս ձևակերպումները ունի, մենք չենք ստորագրելու։ Սա իրենք հրապարակավ էլ են ասել, և հիմա մենք սա ընդունում ենք ի գիտություն և ասում ենք՝ լավ, ափսոս»։

Միրզոյանի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումների հարցը քննարկման առարկա է եղել 2018-ի հեղափոխությունից հետո, սակայն քովիդը, պատերազմը և դրան հետևած ներքաղաքական իրադարձությունները իշխանության համար ավելի առաջնահերթ են եղել, և միայն հիմա է հերթը հասել դրան։

Միրզոյանն անդրադարձավ նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, մասնավորապես՝ ընդգծեց, որ երկու երկրների երկխոսությունը բավականաչափ հասունացել է, և տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնք կարող են հանգեցնել դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն և սահմանը բացելուն․

«Օրինակ՝ Գյումրի–Կարս երկաթուղու վերագործարկման համար կա համատեղ աշխատանքային խումբ․ եթե հիշողությունս չի դավաճանում, դրանք երկուստեք հանդիպումներ են ունեցել։ Չգիտեմ, նույնիսկ մշակութային ոլորտում հիմա քննարկվում է, և իրավական հիմքեր են հստակացվում, կամ մեխանիզմներ են փորձում հասկանալ, օրինակ, Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման հնարավորությունը, քննարկվում է նույնիսկ երկու երկրների բուհերում միմյանց ուսանողներին կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը»։

Անցած տարի Հայաստանը ռազմավարական հարաբերություններ հաստատելու պայմանավորվածություններ է ձեռք բերել Իրանի, ԱՄՆ-ի հետ։ Եվրոպական երկրներից Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի հետ ամրագրվել են ռազմավարական գործընկերության համաձայագրեր, Ֆրանսիայի հետ առաջիկա պատեհ առիթին կհայտարարվի նման գործակցության մասին, Մեծ Բրիտանիայի հետ ռազմավարական երկխոսությունը ռազմավարական գործընկերություն դարձնելու մտադրություն են հայտնել կողմերը։ Միջազգային հարաբերություններում Հայաստանի տեղն ու դերը ամրապնդելու առումով Միրզոյանը ուշադրություն հրավիրեց հատակապես մայիսին Երևանում գումարվելիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի վրա։

Արգործնախարարը չշրջանցեց նաև ներքաղաքական հարցերը։ Մասնավորապես՝ հարցին, թե արդյոք շանտաժ չէ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինայնը հայտարարում է, որ նոր պատերազմ կլինի, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չվերընտրվի խորհրդարանում, պատասխանեց՝ ոչ․

«Որ այդպիսի հեռանկար կարող է լինել, հստակ է: Րոպեներ առաջ հանձնաժողովում խոսում էինք նաև այն ընդդիմադիր պատգամավորների հետ, որոնց գաղափարախոսությունն այն է, որ գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ կան: Շանտաժն այստեղ ո՞րն է: Մենք առաջարկում ենք խաղաղություն, ասում ենք՝ մեր երկրին պետք է խաղաղություն: Այլ պայմաններում, մեր խոր համոզմամբ, ՀՀ գոյությունը՝ որպես անկախ պետություն, կհայտնվի մեծ կասկածի տակ: Եվ կա զուգահեռ առաջարկը՝ «չէ՛, այս Հայաստանը մեզ ընդհարապես պետք չէ»։

Միրզոյանը նաև արտաքին միջամտության և հիբրիդային պատերազմի մասին խոսեց, ընդգծեց՝ Հայաստանի ներքաղաքական գործընթացներին արտաքին ուղիղ ու անուղղակի միջամտության դեպքերն ակնհայտ են։ Քննադատությանը, թե ինչու է հենց ԵՄ-ն օգնելու Հայաստանին այս հարձակումներին դիմակայելիս, պատասխանեց՝ Հայաստանի բոլոր իշխանությունները ներընտրական գործընթացներում ԵՄ-ից օգնություն են խնդրել, որևէ նոր բան չկա։

Leave a Comment