Ամենայն հայոց խաղաստեղծը – Live News

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը նաև Ամենայն հայոց խաղաստեղծ է նա մոտ մեկ տասնյակ մանկական ինտելեկտուալ խաղեր է կազմել: 

1915 թ․, մեր երկրի համար ծանրագույն ժամանակներ եղեռն, Էջմիածնում ծովացած գաղթականներ, որբեր․․․ Թումանյանն իր աղջկա՝ Նվարդի հետ անձնվիրաբար հոգ է տանում որբերի մասին, ինչի համար նրան կոչել են նաև «ամենայն հայոց որբերի հայրիկ»։ Այդ դժնդակ ժամանակաշրջանում անգամ Թումանյանը չի կորցնում իր լավատեսությունը։ Նա որոշում է հայ մանուկների համար խաղեր կազմել։ 

«…էս խառը ժամանակը ես էլ, ի միջի այլոց, զբաղված եմ և հայրենագիտական և ուրիշ տեսակի խաղալիքներովասում եմ գուցե դրանով էլ մեր մանուկներին մի բանով օգնած լինենքհայանալու և մարդանալու…: Էսպիսի ժամանակներում, ոմանք իրենց գինուն են տալիս, ոմանք լռում ու ինքնամփոփ դառնում, ես որոշեցի էս տեսակ մի բան անեմ, օգուտ որ չլինի, վնաս հաստատ չի լինի»,- իր նամակներից մեկում գրում է Թումանյանը։ 

 Ճանաչեն ու սիրեն իրենց հայրենիքը

Բանաստեղծի նպատակն էր հայրենագիտական»խաղերի միջոցով երեխաներին բացահայտել իրենց հայրենիքը, բնությունը, ժողովրդական առածներն ու ասացվածքները: «Մենք անծանոթ ենք մեր հայրենիքին, նրա բնությանը, նրա կյանքին, նրա անցյալին ու ներկային: Մեր պատմության էս սև ու դժբախտ ժամանակի շրջանում, շատ ու շատ լավ սովորությունների հետ, մենք թողել ենք և մեր ազգային գեղեցիկ ու իմաստալի խաղերը, մոռացել ենք նրանց ահագին նշանակությունն ու ազդեցությունը կյանքի մեջ: Սա ժամանակավոր թմրություն է, որից հետո մենք մտնում ենք վերածնության, վերանորոգության, կազդուրման նոր, կենդանի, աշխույժ, առողջ ու ոգևորիչ շրջանը»,- գրում է Ամենայն հայոց բանաստեղծը:

Խաղերը հրապարակելուց առաջ Թումանյանը «Ազդ» վերնագրով մի տեղեկություն էր հրապարակել՝ մանուկների կրթության և դաստիարակության հարցում կարևորելով խաղի դերը: «Մանկությունը մարդու կյանքի էն ամենաընդունակ շրջանն է, երբ նա չորս կողմից ընդունում է, սնունդ է առնում ու զարգանում շարունակ… ահա էստեղ էլ հարց է առաջ գալիս`ի՞նչ սնունդ տալ և ի՞նչ ձևով տալ: Եվ ամեն բան, ինչ որ տրվում է խաղով, ուրախությունով ընդունում է, հեշտ էլ յուրացնում»:

«Հայկական առածների լոտո»

«Հայոց գետերը», «Թանկագին քարեր», «Հայկական առածանի», «Աստղերի խաղ», «Հայկական հանելուկները», «Տառերի խաղը», «Դդում»․․․ խաղերի վերնագրերը արդեն իսկ հուշում են հեղինակի գլխավոր նպատակը, այն է՝ դաստիարակել ապագա քաղաքացի ու իսկական հայրենասեր։ 

 «Հանելուկների խաղ»

«…Կաշխատենք…ծանոթություն տալ թե Հայաստանի, թե Կովկասի ջրերից, լեռներից, լճերից, կենդանական ու բուսական աշխարհից… որ մեր երեխաներն ու պատանիները ճանաչեն ու սիրեն իրենց հայրենիքը: Սիրեն ոչ թե կույր ազգասերի սիրով, այլ գիտակից, ինտելիգենտ մարդու սիրով, որ սերն ազնիվ լինի, առողջ ու բովանդակալի»,-գրում է բանաստեղծը:

«Հայոց գետերի» շնորհիվ, օրինակ, երեխան պատմական ու ժամանակակից Հայաստանի 69 գետի անուն է սովորում:  Ի դեպ, «Հայոց գետերը» խաղն իր հետ հանրագիտարան հիշեցնող հավելված-գրքույկ ունի, որում Թումանյանը հավաքագրել է գետերի մասին տարբեր հեղինակների գեղարվեստական գործերից համապատասխան հատվածներ, հետաքրքիր պատմություններ, ավանդազրույցներ, լուսանկարներ, ջրի մակարդակը պատկերող սխեմաներ, քարտեզներ` մի ամբողջ խմբագրական թիմի աշխատանք: 

Իսկ «Դդումը» շատ ավելի թեթև խաղ է, որը շատ նման է հայտնի «Մրոցի» խաղին: Մասնակիցների թիվը կարող է հասնել 12-ի: Խաղը 25 տարբեր գույների խաղաթուղթ ունի: Մասնակիցները հերթով հանում են խաղաթղթերը՝ բաժանելով գույները համապատասխան զույգերի: Խաղը վերջանում է, երբ բոլոր գույները գտնում են իրենց զույգերին: Խաղացողների նպատակն է խուսափել դդումից: Այն մասնակիցը, ում մոտ մնում է այդ խաղաքարտը՝ «դառնում է» դդում: Նկարագրության մեջ Թումանյանը բացատրում է, որ հայոց լեզվում «դդումը» նշանակում է «բթամիտ»:

Ի դեպ թումանյանական խաղերն այսօր էլ կան, պարբերաբար վերահրատարակվել են գրողի տուն-թանգարանի կողմից։

Leave a Comment