«Քրեական վարույթի շրջանակում առգրավվել է իմ հեռախոսը, ուսումնասիրվել է իմ հեռախոսի պարունակությունը, ներգրավվել էի՝ որպես տուժող, որից հետո բողոք չեմ ներկայացրել, գործը կարճվել է»,- լրագրողների հարցին՝ այն գործով, ըստ որի՝ իր հրահանգով առեւանգել եւ ծեծի էին ենթարկել կադաստրի աշխատակիցներից մեկի՝ Վերոնիկայի ամուսնուն՝ Արթուր Կնյազյանին, նրան պատճառելով մարմնական ծանր վնասվածքներ, որևէ կարգավիճակ ունի՞, այսպես պատասխանեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ձեր «չաթերը» չե՞ն ստուգվել, նա արձագանքեց՝ նման մտավախություն չունեմ։ Հարցին՝ Ձեր մտերիմներից կա՞ն, որ այս գործով մեղադրյալի աթոռին են, Սուրեն Թովմասյանը պատասխանեց․ «Ասում էին, որ իմ աներձագն է, վստահ եմ՝ նման բան տեղի չի ունեցել»։
Նա հայտնեց, թե ինչու է տուժող ճանաչվել․ «Տուժող եմ ճանաչվել, քանի որ այդ նույն քաղաքացու կողմից իմ հեռախոսին տարբեր ժամերին տարբեր հայհոյանքներ ու կոչեր են ուղարկվել։ Դրանք լսելով՝ իրավապահ համակարգը ինձ տուժող է ճանաչել»։
Հարցին՝ ո՞վ էր ծեծել այդ քաղաքացուն, Սուրեն Թովմասյանը պատասխանեց՝ ի՞նչ իմանամ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: