2025 թվականի դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հեռախոսազրույց է կայացել, հայտնում է «ԱՊԱ»-ն:
Նախարարները քննարկել են երկու երկրների միջև բարեկամական և ռազմավարական գործընկերային հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Ընդգծվել է, որ բարձր մակարդակով առկա քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև իրականացված ինտենսիվ փոխայցելությունները նպաստել են հարաբերությունների հետագա ամրապնդմանը։
Նշվել է նաև առաջիկա տարում բարձր մակարդակով քաղաքական շփումների հետագա ընդլայնման կարևորությունը։
Կողմերը քննարկել են տարածաշրջանում առևտրի և հաղորդակցությունների հարցերը՝ ողջունելով այս ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Նախարարները գոհունակությամբ արձանագրել են ձեռք բերված պայմանավորվածությունը սակագնային հարցի շուրջ, որը վերաբերում է ադրբեջանական նավթամթերքների արտահանմանը Հայաստան՝ Վրաստանի տարածքով, և ընդգծել են այս ուղղությամբ աշխատանքի շարունակման կարևորությունը։ Նախարար Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել վրացական ղեկավարությանը տվյալ հարցի օպերատիվ լուծման համար։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: