Infoport. Հաջորդ տարվանից Հայաստանում ներդրվելու է անկանխիկ առևտրից համընդհանուր հետվճարի (քեշբեք) համակարգ: Հոկտեմբերի 27-ին՝ 2026-ի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ, այդ մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մյուս տարի ներդնելու ենք համընդհանուր hետվճարի համակարգ: Բոլոր քաղաքացիները՝ անկանխիկ առևտրի դեպքում, 2 տոկոսը հետվճարի ձևով կստանան»,- ասել էր նա։
Լրատվամիջոցները ևս, մեջբերելով Փաշինյանին, գրել էին, որ բոլոր քաղաքացիները կկարողանան օգտվել հետվճարից։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը իր Տիկտոկի էջում ևս պնդել էր, թե հունվարի 1-ից բոլոր քաղաքացիները կկարողանան անկանխիկ եղանակով վճարումների դիմաց 2%-ի չափով քեշբեք ստանալ։
Իրականում այս տեղեկությունը մոլորեցնող է, քանի որ Ֆինանսների նախարարության հրապարակած նախագծի համաձայն՝ հետվճարից կարող են օգտվել ոչ թե բոլոր քաղաքացիները, այլ միայն «Արմենիան քարդ»-ի (ԱրՔա/ArCa) քարտապանները, այսինքն «ԱրՔա» քարտ ունեցող անձինք։ Իսկ Հայաստանում ոչ բոլոր բանկերն են թողարկում «ԱրՔա» քարտ։ Օրինակ, Ինեկոբանկը չունի նման քարտատեսակ: Մեզ հետ զրույցում բանկից հաստատեցին դա։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի, Հասմիկ Հակոբյանի և որոշ լրատվամիջոցների տեղեկությունը, թե հունվարի 1-ից բոլոր քաղաքացիները կկարողանան անկանխիկ եղանակով վճարումների դիմաց 2%-ի չափով հետվճար ստանալ, մոլորեցնող է։ Ըստ նախագծի՝ հետվճար կարող են ստանալ միայն «ԱրՔա» քարտ ունեցող անձինք։ Ստացվում է, որ այն մարդիկ, որոնք չունեն այդ քարտատեսակը, պետք է ձեռք բերեն այն՝ հետվճարից օգտվելու համար։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: