Փամփուշտների տեղումներ էին երեկ Հալեպում․ Մարիա Գաբրիելյան

Դեկտեմբերի 22-ին Հալեպի քրդաբնակ շրջաններում տեղի ունեցած բախումներից հետո քաղաքում այսօր իրավիճակը հիմնականում կայուն է. ABC Media-ին հայտնեց Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչ Մարիա Գաբրիելյանը։

Նրա փոխանցմամբ՝ փողոցներում կյանքը գրեթե վերադարձել է բնականոն հունի․ աշխատում են խանութները, երթևեկությունը վերականգնված է։ Միակ բացառությունը պետական կառույցներն են՝ հիմնարկները, դպրոցներն ու համալսարանները, որոնք Հալեպի նահանգապետի որոշմամբ այսօր չեն աշխատում՝ անվտանգության նկատառումներով։ 

Հայկական համայնքում, ըստ Գաբրիելյանի, տուժածներ չկան, սակայն բախումների ընթացքում նկատվել է խուճապի մթնոլորտ։

«Մեր ժողովուրդը շատ վախեցավ՝ հիշելով պատերազմի տարիները։ Թեպետ վերջին տարիներին նման իրավիճակներ չէին եղել, երեկ կրակոցները և ընկնող փամփուշտները լուրջ անհանգստություն առաջացրին»,- նշեց նա։

Գաբրիելյանի խոսքով՝ բախումները տեղի են ունեցել քաղաքի քրդաբնակ թաղամասերում, որոնք անմիջականորեն հարևան են հայկական բնակավայրերին։ Կրակոցների հետևանքով արձանագրվել են վնասներ, այդ թվում՝ մի դեպքում վնասվել է մեքենա, իսկ որոշ զինամթերք ընկել է նաև հիվանդանոցի տարածքում։

«Լավ նորությունն այն է, որ բախումները երկար չեն տևել՝ մոտ 3,5 ժամ»,- նշեց նա։

Խոսելով բախումների և Սիրիա՝ Թուրքիայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակության այցի համընկնման մասին՝ Մարիա Գաբրիելյանը համոզմունք հայտնեց, որ տեղի ունեցածը պատահական չէր։

«Քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում։ Հաշվի առնելով Թուրքիայի և քրդական ուժերի հարաբերությունները՝ փորձագետները բազմիցս նշել են, որ նման այցերին զուգահեռ՝ իրավիճակը հաճախ լարվում է։ Կարծում եմ՝ սա կապված է նաև մարտին ձեռք բերված, սակայն չկենսագործված խաղաղության համաձայնության հետ»,- նշեց նա։

Ըստ Գաբրիելյանի՝ մինչև քրդական կողմի հետ վերջնական և գործնական համաձայնության հասնելը, նման միջադեպերի կրկնման վտանգը պահպանվում է։

Leave a Comment