Հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի սկանդալային գործը ավարտված էր թվում, սակայն դրա մասին շարունակում են հարցեր տալ՝ ներկայիս վարչակազմի ձեռքբերած հաջողություններից ուշադրությունը շեղելու համար, դժգոհել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Օրինակ՝ հիմա մենք կառուցում ենք աշխարհի ամենամեծ նավերը, աշխարհի ամենահզոր նավերը, իսկ ինձ շարունակում են հարցնել Ջեֆրի Էփշթեյնի մասին։ Ես կարծում էի, թե դա ավարտված է», – ասել է Թրամփը լրագրողներին՝ հերթական անգամ սկսելով թվարկել իր վարչակազմի բոլոր արժանիքները։
2019 թվականին ԱՄՆ-ում Էփշթեյնին մեղադրանք է առաջադրվել անչափահասների թրաֆիքինգի՝ նրանց սեռական շահագործման նպատակով և այդ հանցագործությունը կատարելու նպատակով դավադրության մեջ։ Նրան ավելի քան 40 տարվա ազատազրկում էր սպառնում։ Դատախազության տվյալներով՝ 2002-ից 2005 թվականներն ընկած ժամանակահատվածում Էփշթեյնը սեռական հարաբերություններ է ունեցել տասնյակ անչափահաս աղջիկների հետ, որոնց նա ընդունում էր Նյու Յորքի և Ֆլորիդայի իր ամառանոցներում։ Նա վճարում էր նրանց կանխիկ գումարով, որից հետո որոշ զոհերի հանձնարարում էր հանդես գալ որպես հավաքագրողներ՝ նոր աղջիկներ բերելու համար։ Որոշ տուժածների տարիքը չի գերազանցել 14 տարեկանը։