Մենք այսօր ունենք դիրքեր, որտեղ զինվորները քնում են քարերի վրա, վրաններում՝ թրջվելով անձրևի տակ․ 44-օրյայի մասնակից Սպարտակ Քառյանը դիմեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ նախարարի ուշադրությունը հրավիրելով զինվորների կեցության պայմաններին ու աշխատավարձերի խնդրին։
Ըստ նրա՝ պարեկներն այսօր ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան սահմանին կանգնած տղաները։
Սուրեն Պապիկյանը նախ նշեց, որ դիրքերի պայմաններն այսօրվա իրականության հետ ոչ մի կապ չունեն։
«Այսօր մենք սահմանին չունենք այնպիսի բանակային դիրքեր, որտեղ նկարագրվածն աղերս ունենա իրականության հետ, ես ընդամենն ուզում եմ ասել, որ այսօր շատ ավելի լավ ու բավարար պայմաններում են գտնվում մեր բանակային դիրքերը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է աշխատավարձերին, Պապիկյանն ասաց, որ ատեստավորման համակարգի ներդրումից հետո այսօր բանակում ծառայող շատ պայմանագրայիններ բարձր աշխատավարձ են ստանում, եթե ոչ կրկնակի ավելի։