Հայաստանի առաջնության առաջիկա հանդիպումները կսկսվեն լռության րոպեով — Armsport.am

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի առաջնության առաջիկա բոլոր հանդիպումները կմեկնարկեն լռության րոպեով՝ ի հիշատակ լեգենդար Նիկիտա Սիմոնյանի։

Կիրակի օրը Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը «Матч ТВ»-ին հայտնել է, որ Սիմոնյանը մահացել է 99 տարեկան հասակում։

Հիշեցնենք, որ հենց Նիկիտա Սիմոնյանի գլխավորությամբ 1973 թվականին Երևանի «Արարատը» հասավ պատմական հաջողության՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և նվաճելով երկրի գավաթը (ոսկե դուբլ):

«Ի հիշատակ հայկական ֆուտբոլի լեգենդի՝ Fastex Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի հետաձգված խաղը, 15-րդ տուրի, ինչպես նաև Առաջին Խմբի 17-րդ տուրի բոլոր հանդիպումները կմեկնարկեն 1 րոպե լռությամբ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան սև թևկապովներով»,– ասված է ՀՖՖ հաղորդագրության մեջ։

Նիկիտա Սիմոնյանը ԽՍՀՄ քառակի չեմպիոն էր և կրկնակի գավաթակիր «Սպարտակի» կազմում։ Նա մինչ օրս մնում է «կարմրասպիտակների» պատմության լավագույն ռմբարկուն՝ խփած 160 գոլով։ ԽՍՀՄ հավաքականի կազմում Սիմոնյանը նվաճել է Մելբուրնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը։

Որպես մարզիչ՝ նա երեք անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և չորս անգամ նվաճել երկրի գավաթը։ 1992 թվականից զբաղեցնում էր Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) առաջին փոխնախագահի պաշտոնը։

Ֆուտբոլում ունեցած բացառիկ նվաճումների համար Սիմոնյանն արժանացել է ՄՕԿ-ի և ՖԻՖԱ-ի շքանշանների, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III և IV աստիճանի շքանշանների, ինչպես նաև ՌԴ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի կոչմանը։ Հոկտեմբերին հայտնի մասնագետին շնորհվել էր Ռուսաստանի Աշխատանքի հերոսի կոչում՝ պետությանը մատուցած առանձնահատուկ ծառայությունների և հայրենական ֆուտբոլի զարգացման ու հանրայնացման գործում ունեցած մեծ ավանդի համար։

Leave a Comment