«Ինտեր Մայամին» MLS-ի փլեյ-օֆֆի քառորդ եզրափակչում 4:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Ցինցինատիի» նկատմամբ՝ ապահովելով իր տեղը մրցաշարի կիսաեզրափակչում։
Հանդիպման ընթացքում փայլել է Լիոնել Մեսսին՝ դառնալով մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Մայամիի թիմի կազմում դուբլ է ձևակերպել Տադեո Ալյենդեն, ևս մեկ գոլ խփել է Մատեո Սիլվետին։
Ըստ World Soccer Talk-ի՝ այս խաղի շնորհիվ Լիոնել Մեսսին դարձավ ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, ով կարիերայի ընթացքում հատեց 1300 արդյունավետ գործողության շեմը։
Արգենտինացին անցկացրել է 1135 հանդիպում, որոնցում հեղինակել է 896 գոլ և 404 գոլային փոխանցում։ Նրա արդյունավետ գործողությունները (գոլ+փոխանցում) բաշխվում են հետևյալ կերպ.
- «Բարսելոնա» – 941
- Արգենտինայի հավաքական – 176
- «Ինտեր Մայամի» – 117
- ՊՍԺ – 66
Կիսաեզրափակչում «Ինտեր Մայամին» կմրցի «Նյու Յորք Սիթիի» հետ։