Պերեսի կոշտ հայտարարությունները. Բարսելոնան, CVC-ի գործարքը և Նեգրեյրայի գործը

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ակումբի ասամբլեայի ժամանակ հանդես է եկել ծավալուն ելույթով՝ սուր քննադատության ենթարկելով «Բարսելոնային», Լա Լիգայի ղեկավարությանը և իսպանական մրցավարական համակարգը։

Ստորև ներկայացված են Պերեսի ելույթի հիմնական կետերը.

​«Բարսելոնայի» դիրքորոշման փոփոխությունը CVC-ի հարցում
​Պերեսը հեգնանքով է անդրադարձել այն փաստին, որ կատալոնական ակումբը փոխել է իր դիրքորոշումը Լա Լիգայի և CVC ներդրումային հիմնադրամի միջև կնքված գործարքի վերաբերյալ։

​«Շատ ակումբներ հասկացան, որ 50 տարով եկամուտների մի մասից զրկվելը կխաթարի իրենց ապագան։ Մենք վստահ ենք, որ այդ համաձայնագիրը դատարանի կողմից չեղյալ կհայտարարվի։ Եվ «Ռեալը», և «Բարսելոնան», և «Ատլետիկը» դիմել էին դատարան։

​Ներեցեք, բայց պետք է հիշեցնեմ, որ «Բարսելոնան» ևս դեմ էր, սակայն զարմանալի զուգադիպությամբ հետ վերցրեց հայցը հենց այն ժամանակ, երբ Լա Լիգան թույլատրեց նրանց գրանցել ֆուտբոլիստներին», — հայտարարել է Պերեսը։

​2021 թվականին կնքված գործարքով CVC-ն մոտ 2 մլրդ եվրո վճարեց լիգային՝ փոխարենը ստանալով հեռուստատեսային իրավունքների 11%-ը 50 տարով։ 2024-ին դատարանը մերժել էր «Ռեալի» և «Ատլետիկի» հայցը՝ գործարքը ճանաչելով օրինական:

Մրցավարական անոմալիաներ և Նեգրեյրայի գործոնը

​«Ռեալի» նախագահը համեմատել է Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում տիրող իրավիճակը՝ ընդգծելով վիճակագրական տարօրինակությունները։

​«Բոլորս կհամաձայնենք, որ հեռացումները ֆուտբոլում ամենասուբյեկտիվ բանն են։ Մինչև 2021 թվականը «Ռեալի» օգտին եղել է ընդամենը երկու հեռացում, մինչդեռ «Բարսելոնայի» օգտին՝ 61։

​Նեգրեյրայի ժամանակաշրջանում «Բարսելոնայի» մաքուր հաշվեկշիռը կազմել է +49 (մրցակիցների հեռացումներ), իսկ «Ռեալինը»՝ մինուս 1։ Եզրակացություններն արեք ինքներդ»։

​Պերեսը նաև անտրամաբանական է համարել, որ «Ռեալի» ֆուտբոլիստները Եվրոպայում ավելի հաջողակ են, քան ներքին առաջնությունում.

​«Ինչպե՞ս եք կարծում, նորմա՞լ է, որ «Ռեալի» որոշ խաղացողներ ավելի շատ հաղթանակ ունեն եվրոգավաթներում, քան Իսպանիայի առաջնությունում։ Ոմանք ունեն Չեմպիոնների լիգայի 6 գավաթ, բայց ոչ ոք չունի Լա Լիգայի 5 տիտղոս։ Սա նորմա՞լ է։ Ոչ»։

​«Բարսայի» հաջողությունները և վճարումները մրցավարական կորպուսին
​Պերեսը ուղիղ կապ է տեսել «Բարսելոնայի» հաջողությունների և մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային կատարված վճարումների միջև։

​«Իսպանական մրցավարության մակարդակն անընդունելի է։ Ամոթ է, որ ՖԻՖԱ-ն վերջին ակումբային աշխարհի առաջնությանը ոչ մի իսպանացի մրցավարի չէր ընտրել։

​Եվ, իհարկե, աննորմալ է, որ «Բարսելոնան» մրցավարական կորպուսի փոխնախագահին վճարել է ավելի քան 8 միլիոն եվրո՝ առնվազն 17 տարվա ընթացքում։ Ինչ պատճառ էլ որ լինի։ Դա մրցավարության գծով փոխնախագահն էր, ով ուներ կարևոր պարտականություններ։ Այդ ժամանակաշրջանը «պատահաբար» համընկնում է Իսպանիայում «Բարսելոնայի» լավագույն արդյունքների հետ», — եզրափակել է Ֆլորենտինո Պերեսը։

Leave a Comment