Հրապարակվել է 2025 թ. ձմեռային զորակոչի համալրման և զորացրման ժամկետների վերաբերյալ Կառավարության որոշումը

Iravaban.net-ը ուսումնասիրել է ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 1635-Ն որոշումը, որով հայտարարվել է 2025 թվականի ձմեռային զորակոչը, սահմանվել են զինված ուժերի համալրման և զորացրման ժամկետները, ինչպես նաև առաջին անգամ նախատեսվել է իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով զորակոչը։

Զորակոչի ժամկետները

Որոշմամբ 2025 թվականի ձմեռային զորակոչը հայտարարվել է 2025 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ։ Զորակոչվում են այն արական սեռի քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց տարկետումը դադարում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Որոշումն ընդունվել է ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով, ինչպես նաև «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով։

Իգական սեռի կամավոր զորակոչ

Որոշմամբ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչվում են նաև մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիները։ Սա առաջին անգամ է, երբ իգական սեռի քաղաքացիների զորակոչը կարգավորվում է կառավարության որոշմամբ՝ համաձայն օրենքի 19.1-ին հոդվածի 1-ին մասի։

Նաև զորակոչվում են օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիները։

Համալրման և զորացրման ժամկետները

Զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվելու է 2026 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։

Օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը իրականացվելու է 2026 թվականի հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։ Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակվում են սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողները։

Զորակոչային հանձնաժողովներ

Զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծվել են հանրապետական զորակոչային հանձնաժողով և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ։ Հաստատվել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը։

Վարակիչ հիվանդությունների կանխարգելում

Որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարին առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հանձնարարվել է ապահովել զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, ինչպես նաև զինված ուժերի համալրման աշխատանքների կազմակերպման ընթացքում ինֆեկցիոն կամ այլ վարակիչ հիվանդությունների տարածման և զինված ուժեր ներթափանցման դեպքերի կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների իրականացումը։

Զինվորական կոմիսարիատների կողմից քաղաքացիների առողջական վիճակի հետազոտության ուղեգրումը և կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից քաղաքացիներին անհրաժեշտ լրացուցիչ, ստուգիչ կամ հսկողական ուղեգրումների վերաբերյալ եզրակացությունների տրամադրումը պետք է իրականացվի ոչ ուշ, քան 2026 թվականի հունվարի 25-ը ներառյալ։

Պետական մարմինների պարտականությունները

Առողջապահության նախարարին հանձնարարվել է ապահովել բժշկական հաստատություններին անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ռենտգեն և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով՝ հետազոտությունների և պատվաստումների իրականացման համար։

Արտաքին գործերի նախարարին հանձնարարվել է ապահովել օտարերկրյա պետություններում գտնվող, հյուպատոսական հաշվառման կանգնած, զորակոչին ենթակա և Հայաստան վերադարձող քաղաքացիների մասին իրազեկումը հանրապետական զինվորական կոմիսարին։

Ներքին գործերի նախարարին հանձնարարվել է ապահովել հասարակական կարգի պահպանությունը զինվորական կոմիսարիատների և հանրապետական հավաքակայանի տարածքներում, զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի տարածքում, զորակոչիկների խմբերի ավտոբուսների ուղեկցումը, ինչպես նաև ուժեղացնել վերահսկողությունը պետական սահմանի անցման կետերում՝ զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով։

Նախարարությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների և կազմակերպությունների ղեկավարներին հանձնարարվել է զորակոչին չներկայացած կամ հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների նկատմամբ կիրառել օրենքով նախատեսված սահմանափակումներ և անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին։

Որոշումն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, – տեղեկացնում է Iravaban.net-ը։






Կարդացեք նաև՝

Leave a Comment