Iravaban.net-ը ուսումնասիրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, որով արձանագրվել է ԱԱԾ ծառայողի կողմից քաղաքացու անձնական տեղեկությունների անօրինական հավաքագրումը և սպառնալիքների միջոցով համագործակցության հարկադրման փորձը։
2025 թվականի նոյեմբերի 13-ին հրապարակված վճռով ՄԻԵԴ-ը գտել է, որ Հայաստանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին անդամ Հրայր Մանուկյանի գործով։ Դատարանը պարտավորեցրել է ՀՀ-ին վճարել 5 հազար եվրո փոխհատուցում։
Ի՞նչ է սահմանում Կոնվենցիայի 8-րդ հոդվածը
Այն երաշխավորում է յուրաքանչյուր անձի անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը։ Պետությունը կարող է միջամտել այդ իրավունքին միայն երեք պայմանով՝ եթե միջամտությունը նախատեսված է օրենքով, հետապնդում է օրինական նպատակ (օրինակ՝ ազգային անվտանգություն) և անհրաժեշտ է դեմոկրատական հասարակությունում։
Ի՞նչ է տեղի ունեցել
2014 թվականի հունիսին Ազգային անվտանգության ծառայության ծառայող Վլադիմիր Հակոբյանը մի քանի անգամ կապ է հաստատել Հրայր Մանուկյանի հետ՝ նրան առաջարկելով «համակարգված հիմունքներով» համագործակցել ԱԱԾ-ի հետ։ Հունիսի 30-ին Երևանի մի սրճարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հրայր Մանուկյանը վերջնականապես մերժել է այդ առաջարկը։
Այն, ինչ դրանից հետո տեղի ունեցավ, Հրայր Մանուկյանը գաղտնի ձայնագրել է։ Գրեթե 50 րոպե տևողությամբ զրույցում Վլադիմիր Հակոբյանը մի շարք սպառնալիքներ է հնչեցրել 27-ամյա քաղաքական գործչի հանդեպ։
«Ոչ ոք մեզ «ոչ» չի ասում։ Ես չեմ էլ ուզում հեռվից բացատրել քեզ քո «ոչ»-ի հետևանքները», – ասել է ԱԱԾ ծառայողը՝ ավելացնելով, որ հենց իրենից է կախված՝ Հրայր Մանուկյանին Չեխիա թողնի, թե ոչ։
Վլադիմիր Հակոբյանն ընդգծել է, որ «շատ քիչ բան կա», որ նրանք չգիտեն Հրայր Մանուկյանի մասին։ Նա նաև սպառնացել է, որ մի քանի ամսից «Ժառանգության», կուսակցության վարչության կամ Հրայր Մանուկյանի մասին «պայթյուն կարող է լինի մամուլում»։
«Պետությանը «ոչ» ասողը ապագա չունի Պետությունում՝ դա մեկ գումարած մեկն է։ Քո լավ դիպլոմով լավագույն դեպքում հացագործարանի պահակ կլինես. մոռացիր, որ դռներ կարող են բացվել քեզ համար։ Սև ցուցակի մեջ կընկնես», – նշել է Վլադիմիր Հակոբյանը։
Սպառնալիքները վերաբերել են նաև Հրայր Մանուկյանի հարազատներին։ «Հետևանքները վերաբերում են ոչ միայն քեզ։ Դու պատրաստ ես դրան», – ասել է ԱԱԾ ծառայողը։
Ձայնագրության հրապարակումը և հետևանքները
2014 թվականի հուլիսի 3-ին ձայնագրությունը հրապարակվել է hetq.am կայքում։ Հինգ օր անց Հրայր Մանուկյանը դիմել է Գլխավոր դատախազություն՝ ներկայացնելով քրեական հաղորդում և ձայնագրության պատճենը։
Դատախազությունը, սակայն, մերժել է քրեական գործ հարուցել՝ պատճառաբանելով, որ ԱԱԾ ծառայողի գործողություններում «հանցակազմի նախնական տվյալներ չկան»։ Դատախազները հղում են կատարել Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքին՝ ըստ որի անվտանգության ծառայությունները կարող են համագործակցել անձանց հետ։
Հրայր Մանուկյանը բազմիցս բողոքարկել է որոշումը՝ անցնելով բոլոր ատյանները, սակայն անօգուտ։ Վճռաբեկ դատարանը 2016 թվականին, ճիշտ է, գտել էր, որ հաղորդումը «պարունակում է հանցանքի նախնական տվյալներ», բայց դատախազությունը կրկին մերժել է հարուցել գործ։
2016 թվականի հունվարին Հրայր Մանուկյանը Հայաստանից մեկնել է Նիդեռլանդներ, որտեղ ապրիլին ստացել է ապաստանի կարգավիճակ։
ՄԻԵԴ-ի վճիռը
Եվրոպական դատարանը միաձայն գտել է, որ Հայաստանը երկու առումով խախտել է կոնվենցիայի 8-րդ հոդվածը։
Առաջին՝ ԱԱԾ-ն անօրինական հավաքագրել և պահպանել է Հրայր Մանուկյանի անձնական տեղեկություններ, ինչը ՄԻԵԴ-ը համարել է միջամտություն անձնական կյանքի մեջ։ Երկրորդ՝ Վլադիմիր Հակոբյանի սպառնալիքները, դատարանի գնահատմամբ, ազդել են Հրայր Մանուկյանի հոգեբանական ամբողջականության և անձնական ինքնավարության վրա։
Դատարանը հատկապես ընդգծել է, որ Հայաստանը չի ցույց տվել, որ տեղեկությունների հավաքագրումը որևէ կերպ կապված է եղել ազգային անվտանգության հետ։ «Չի պնդվել, որ դիմումատուն կամ նրա հետ կապված որևէ անձ սպառնալիք է ներկայացրել անվտանգությանը», – նշված է վճռում։
Ավելին, ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ օրենքը թույլ է տալիս միայն կամավոր համագործակցություն, մինչդեռ Վլադիմիր Հակոբյանի գործողությունները հստակ հարկադրող բնույթ են կրել։ «Հարկադրող մեթոդների և սպառնալիքների օգտագործումը խորապես հակասում է օրենքի գերակայության սկզբունքին», – գրված է վճռում։
Քննության խնդիրը
Դատարանը հավասարապես խիստ է քննադատել հայկական իրավապահ համակարգը՝ Հրայր Մանուկյանի բողոքի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար։
Ըստ ՄԻԵԴ-ի՝ ոչ մի իրական հետաքննություն չի անցկացվել։ Վլադիմիր Հակոբյանը և նրա ղեկավարները չեն հարցաքննվել։ ԱԱԾ-ից ստացված տեղեկությունները չեն ուսումնասիրվել։ Դատախազությունը սահմանափակվել է ձայնագրության «մակերեսային և ընտրովի» գնահատմամբ՝ անտեսելով ակնհայտ սպառնալիքները։
Դատարանը գտել է, որ Հայաստանը չի կատարել իր դրական պարտավորությունը՝ լուրջ մեղադրանքների առկայության դեպքում անցկացնել արդյունավետ քննություն։
Հետաքրքիր մանրամասներ
Վճռից պարզ է դառնում, որ Վլադիմիր Հակոբյանի առաջարկը Հրայր Մանուկյանին ԱԱԾ ղեկավարության թույլտվությամբ է եղել։ Ավելին, 2015 թվականի հուլիսին, այսինքն՝ սկանդալից մեկ տարի անց, Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար։
Դատախազությունը, մերժելով գործ հարուցել, պնդել է, որ զրույցի բովանդակությունը «հերքում է ցանկացած կապ քաղաքական կուսակցության հետ», և որ Վլադիմիր Հակոբյանը նշել է, թե համագործակցությունը «կամավորության սկզբունքի վրա է հիմնված»։
Մինչդեռ վճռում մեջբերված զրույցից պարզ է, որ Վլադիմիր Հակոբյանը բազմիցս վկայակոչել է «կամավորության սկզբունքը», միաժամանակ հստակորեն ասելով. «Իմ պարտականությունն է ցույց տալ «այո»-ի ճանապարհը և նաև «ոչ»-ի ճանապարհը։ Նախորդ օրը ցույց տվի «այո»-ի ճանապարհը։ Այսօր ցույց եմ տալիս «ոչ»-ինը։ Դու ընտրեցիր բացասականները»։
Փաստաթղթերից պարզ է նաև, որ չնայած սպառնալիքներին՝ ներառյալ ճանապարհորդական արգելքի մասին, Հրայր Մանուկյանը 2014-2016 թվականներին 26 անգամ հատել է Հայաստանի սահմանը՝ և՛ մուտք գործելով, և՛ դուրս գալով։ Վերջին անգամ նա երկիրը լքել է 2016 թվականի հունվարի 19-ին։
Վճիռը վերջնական կդառնա 3 ամսվա ընթացքում, եթե կողմերը չպահանջեն գործի ուղարկումը Մեծ պալատ։ Դրանից հետո Հայաստան Հանրապետությունը պարտավոր կլինի ոչ միայն վճարել փոխհատուցումը, այլև ձեռնարկել համակարգային միջոցներ՝ նմանատիպ խախտումները կանխելու համար, – տեղեկացնում է Iravaban.net-ը։