Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին զինծառայության 2025 թ.-ի ձմեռային զորակոչից տարկետում կտրամադրվի

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հրապարակված «Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով 15 քաղաքացիների տարկետում է տրամադրվում՝ հնարավորություն ընձեռելով նրանց կատարելագործել մասնագիտական հմտությունները և հանրահռչակել հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում։

Ինչպե՞ս է աշխատում տարկետման համակարգը

Տարկետումը տրամադրվում է ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն։ Որոշումը կայացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա։

Ո՞վ կարող է ստանալ տարկետում՝ պայմանները և չափանիշները

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող են համարվում՝

Կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր առնվազն մեկ նախագծի հաղթող կամ մրցանակակիր դարձած ու Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչում ստացած քաղաքացիները։

Կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր առնվազն երկու նախագծերի հաղթողներ կամ մրցանակակիրներ դարձած քաղաքացիները։

Միջազգային հեղինակավոր հարթակներում և խոշոր միջոցառումներում պարբերաբար հանդես եկող քաղաքացիները։

Այս պայմանները բավարարող քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ տարկետում տրվում է երկու տարի ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը։

2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետված քաղաքացիները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում 2025 թվականի նոյեմբերի 14-ին տեղի ունեցած հանձնաժողովի նիստի արդյունքում դրական եզրակացություն է ստացել 15 երիտասարդ արվեստագետ՝

Դավիթ Մհերի Հովհաննիսյան (ծնվ.՝ 2003 թվականի սեպտեմբերի 2),

Տիգրան Վարուժանի Մարդանյան (ծնվ.՝ 2003 թվականի օգոստոսի 20),

Հայկ Արմենի Մարտիրոսյան (ծնվ.՝ 2005 թվականի հոկտեմբերի 29),

Միքայել Գրիգորի Ոսկանյան (ծնվ.՝ 2003 թվականի հոկտեմբերի 13),

Արտյոմ Ալեքսանդրի Իոաննիսյան (ծնվ.՝ 2003 թվականի օգոստոսի 1),

Գրիգոր Ալեքսանի Զաքյան (ծնվ.՝ 2001 թվականի հոկտեմբերի 6),

Գարիկ Ժիրայրի Ավետիսյան (ծնվ.՝ 2003 թվականի դեկտեմբերի 16),

Հակոբ Աշոտի Խոջայան (ծնվ.՝ 2004 թվականի մարտի 28),

Գագիկ Արտաշեսի Կարապետյան (ծնվ.՝ 2005 թվականի հուլիսի 24),

Արթուր Արմենի Հակոբյան (ծնվ.՝ 2007 թվականի դեկտեմբերի 12),

Պետրոս Վահեի Գենուլյան (ծնվ.՝ 2007 թվականի հուլիսի 26),

Համլետ Գարիկի Գասպարյան (ծնվ.՝ 2007 թվականի սեպտեմբերի 28),

Թաթուլ Կարենի Համբարձումյան (ծնվ.՝ 2007 թվականի օգոստոսի 1),

Հայկ Տիգրանի Հեքեքյան (ծնվ.՝ 2005 թվականի սեպտեմբերի 18),

Սամվել Կարենի Դավթյան (ծնվ.՝ 2003 թվականի օգոստոսի 3).

Ինչպե՞ս դիմել տարկետման համար

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները կարող են դիմել տարկետման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ կցելով միջազգային նվաճումները հավաստող փաստաթղթերը՝ միջազգային մրցույթների դիպլոմները, մրցանակները, հեղինակավոր հարթակներում հանդես գալու հավաստագրերը և փառատոններին մասնակցության ապացույցները։

Հանձնաժողովը քննարկում է դիմումները, գնահատում է նվաճումների նշանակալիությունը և կայացնում է եզրակացություն։ Դրական եզրակացության դեպքում նախապատրաստվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ։

Տարկետումը չի նշանակում ազատում զինվորական ծառայությունից՝ այն ժամանակավոր հետաձգում է երկու տարի ժամկետով կամ մինչև քաղաքացու 26 տարին լրանալը։ Նախագծի ընդունումը չի հանգեցնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի ծախսերում ավելացման, – տեղեկացնում է Iravaban.net-ը։






Կարդացեք նաև՝

Leave a Comment