Նոյեմբերի 20-ին Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու, ինչպես նաև ոստիկանության աշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքի առթիվ։ Գործը նույն օրը մակագրվել է Մակար Կիրակոսյանին։
Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն
Գ․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել, տեղափոխել և մինչև 2025 թվականի հուլիսի 23-ը ապօրինի կերպով պահել և կրել է 5 հատ 7.62 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող ակոսափող հրազենի փամփուշտներ, ինչպես նաև 2025 թվականի հուլիսի 29-ին, գտնվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ X բաժնում, ոչ սթափ վիճակում, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, հայհոյանքներ է հնչեցնել նույն բաժնի ծառայող Վ․ Գ․-ի հասցեին, այնուհետև, չենթարկվելով վերջինիս՝ կարգի հրավիրվելու և իր ծառայողական գործունեությանը՝ չմիջամտելու իրավաչափ հորդորներին, Վ․Գ․-ի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ, ինչից հետո, շարունակելով՝ բարոյական և իրավական նորմերի նկատմամբ ցուցաբերել բացահայտ արհամարհական վերաբերմունք, անտեսելով համակեցության կանոնները, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնել նաև ոստիկանության բաժնի մյուս ծառայողների հասցեին՝ այդ կերպ խոչընդոտելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ X բաժնի բնականոն աշխատանքը, միաժամանակ, չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից հնչեցված կարգի հրավիրվելու և իրենց ծառայողական գործունեությանը չմիջամտելու իրավաչափ հորդորներին:
Մեղադրյալին խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։