«Ղազախստանն ու Հայաստանն ակտիվորեն համագործակցում են տարբեր ոլորտներում և առաջիկայում փոխգործակցությունը կլինի նոր մակարդակի վրա». Տոկաև

Ղազախստանն ու Հայաստանն ակտիվորեն համագործակցում են տարբեր ոլորտներում և առաջիկայում երկու երկրների միջև փոխգործակցությունը կլինի նոր մակարդակի վրա։  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցն Աստանայից, այս մասին նշել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։  

«Մենք բարձր ենք գնահատում Ձեր այցը։ Եղած նախաձեռնությունները վկայում են, որ մեր բարեկամությունն ամուր է։ Ցանկանում եմ ընդգծել, որ առկա է փոխադարձ հարգանք Հայաստանի ու Ղազախստանի ժողովուրդների միջև։  Մեր երկրների միջև բաց հարաբերություններ են՝ հիմնված փոխվստահության վրա»,-ասաց Ղազախստանի նախագահը։ 

Նա ընդգծեց, որ երկու երկրների փոխադարձ համագործակցությունը սերտ է թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային հարթակներում։  Նա հավելեց, որ տնտեսական, առևտրային, կրթական, մշակութային և այլ ոլորտներում Հայաստանն ու Ղազախստանը սերտորեն համագործակցում են ու այդ գործընթացն ակտիվորեն զարգանում է։ 

«Ես ցանկանում եմ ընդգծել, որ մեր միջպետական հարաբերություններն առանձնահատուկ են, և մենք ունենք մեծ հնարավորություններ բազմակողմանիորեն զարգացնելու համագործակցությունը։ Այսօր մենք կստորագրենք պատմական փաստաթղթեր, ներառյալ փաստաթուղթ, որ մեր երկու երկրների միջև հարաբերությունները դարձնենք ռազմավարական»,-հավելեց Տոկաևը։ 

Leave a Comment