2024 թ․ նոյեմբերի 20-ին Արփինե Սարգսյանը ՀՀ վարչապետի առաջարկությամբ և Նախագահի հրամանագրով նշանակվել է Ներքին գործերի նախարար։
Մեկ տարի անց նախարար Սարգսյանը ներկայացրել է կատարված աշխատանքները՝ անդրադառնալով Ներքին գործերի նախարարության և ենթակա ծառայությունների բարեփոխումների գործընթացին, հիմնական մարտահրավերներին, արձանագրված ձեռքբերումներին, հանցավորության և կոնկրետ հանցատեսակների դեմ պայքարի մեխանիզմներին, քաղաքացիների հետ երկխոսության նոր ձևաչափին, վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքին։
«Նախարարության ձևավորումից սկսած չենք շեղվել մեր հիմնական նպատակներից, բայց ամեն քայլ իրականացնելով բացահայտել ենք նոր շերտեր, սահմանել նորանոր ուղենիշներ, դրանով իսկ ավելի ամրացնելով հաջողության պատմություններ ունենալու մեր ձգտումը»,- ասել է նախարարը։
Նշել է, որ բարդ և բազմաշերտ մարտահրավերներ են հասցեագրել, ծավալուն և համակողմանի աշխատանքներ են իրականացրել։ Շեշտելով, որ Ներքին գործերի նախարարությունը նոր է, որն էլ Հանրապետության վարչապետի քաղաքական հանձնառության արտահայտումն է և համատեղ ջանքերով կյանքի կոչումը։ Նախարարության ինստիտուցիոնալ կայացման գործընթացը շարունակական բնույթ է կրում։
«Մենք կառուցում ենք ներսից ամուր մշակույթ և ընդհանուր արժեքային դաշտ ունեցող համակարգ, համահունչ առաջնահերթություններով և գործելաոճով։ Մեր գործունեությունը ներառում է ոլորտներ, որոնք ուղղված են Հայաստանի ողջ հասարակությանը, բոլոր շերտերին, անկախ քաղաքացիությունից, ազգությունից, լեզվից, կրոնից և մշակույթից։ Նախարարությունը գործում է անընդհատ, 24 ժամ, տարվա բոլոր օրերին, սա մեր աշխատանքի օպերատիվ, ամենօրյա կողմն է, բայց միևնույն ժամանակ նախարարության ձևավորումը շատ ավելի լայն համատեքստում»,-կարևորել է Սարգսյանը։
Նախարարի խոսքով, ձևավորում են վստահության նոր համակարգ, որի կենտրոնում մարդն է, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այնպես էլ համակարգի ծառայողը, որտեղ փոփոխությունները իրական ազդեցություն ունեն հենց նրանց կյանքի վրա։
Նախարարն ընդգծել է, որ համակարգն ամենալայն ներկայացվածությունն ունի Հանրապետությունում և ամենամեծ թվով աշխատակիցներ ունեցող մարմիններից է։
Այսօր արդեն գործում են ոստիկանության բոլոր չորս հենասյունային ուղղությունները, ինչը նշանակում է, որ համակարգը լիարժեք անցել է նոր կառավարման մոդելի։
Այսպիսով, մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները հետևյալն են․
- ձևավորել են ներքին գործերի նախարարության միասնական կրթահամալիրը, որի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխան և մրցունակ մասնագետների պատրաստումն է,
- ՆԳՆ կրթահամալիրում վերապատրաստում է անցել ավելի քան 10000 ոստիկանության ծառայող, 300 փրկարար ծառայող, տարբեր պետական մարմինների ավելի քան 2000 աշխատակից, քաղաքացիական ծառայողներ,
- 2025 թվականի նոյեմբերի մեկին գործարկվեց չորրորդ և վերջին հենասյունային ուղղությունը՝ ոստիկանության գվարդիան,
- պարեկային ծառայության վարչակազմը, Երևանի գունդը և օպերատիվ կառավարման կենտրոնը տեղափոխվել են նոր վարչական համալիր,
- հայտնաբերվել և բացահայտվել է ավելի քան 11000 հանցագործություն,
- ջրային պարեկները մեծ աշխատանք են կատարել Սևանա լճի էկոհամակարգի պահպանման ուղղությամբ, հայտնաբերել ապօրինի ձկնորսության դեպքեր, ապահովել ամառային սեզոնին հանգստացող ների անվտանգությունը,
- Քրեական ոստիկանությունը գործում է արդեն մեկ տարի,
- ձեռք են բերել միջազգային ստանդարտներին համապատասխան 22, իսկ այնուհետև ևս 12 տրանսպորտային միջոց ձերբակալվածների ուղեկցումները արժանապատիվ կազմակերպելու համար,
- թմրամիջոցների ապորինի շրջանառության դեպքերի հայտնաբերումն աճել է շուրջ 18%-ով,
- առգրավվել և շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 416 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը գրեթե կրկնակի ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,
- բացահայտվել է խոշորամասշտաբ ներդրումային խարդախություններով զբաղվող երեք խումբ,
- նախորդ տարվա համեմատ շուրջ 60%-ով աճել է առգրավված, հայտնաբերված և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնված հրազենի թիվը,
- ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը ընդհանուր հանցագործությունների կազմում նվազել է 0։7%-ով։