Միացյալ Նահանգները հայտարարել է Հայաստանում և Ադրբեջանում աշխատանքային խմբերի ստեղծման մասին՝ TRIPP անունով հայտնի առևտրային երթուղին ավարտին հասցնելու ջանքերն արագացնելու համար․ գրում է Eurasianet-ը։
Ինչպես նշվում է, Երևան և Բաքու կատարած այցերի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը հայտարարել է TRIPP-ի կառուցման ժամանակացույցի և նախատեսված գործողությունների մանրամասները մշակելու համար աշխատանքային խմբերի ստեղծման մասին։ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի օգնական Սոնատա Քալթերը նշանակվել է աշխատանքային խմբերի գործառույթները վերահսկելու համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի սկզբին հայտարարել էր, որ TRIPP-ի շուրջ աշխատանքները կսկսվեն 2026 թվականի վերջին, սակայն դեռևս պետք է լուծվեն մի շարք հարցեր, այդ թվում՝ սահմանազատումը և երթուղու կառավարումն ու անվտանգությունն ապահովող ընկերությունների վարձակալության պայմանները։ Աշխատանքային խմբերը մտադիր են արագացնել ընդհանուր համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Ադրբեջանի երկաթուղիների ղեկավար Ռովշան Ռուստամովի խոսքով՝ TRIPP-ը Եվրոպայի երկաթուղային ցանցին միացնելու աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։
Միևնույն ժամանակ, Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ջոնաթան Ասկոնասը, որն ուղեկցում էր Հուքերին Երևանում և Բաքվում, լրացուցիչ այցով մեկնել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի՝ առևտրի և կապի հարցերի շուրջ քննարկումների համար։ Վրաստանի կառավարության պաշտոնյաներն օգտվել են առիթից՝ բողոքելու «հարաբերությունների ներկայիս մակարդակից»։