Մեր երկրպագուն պետք է իրեն յուրահատուկ իրադարձության մասնիկ զգա․ Ֆլորենտինո Պերես

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է ակումբի տնային մարզադաշտի՝ «Սանտիագո Բեռնաբեուի» վերակառուցման ծրագրերի և նորագույն տեխնոլոգիաների ներդրման մասին։

««Ռեալի» յուրաքանչյուր երկրպագու, ով գալիս է «Սանտիագո Բեռնաբեու», պետք է իրեն ինչ-որ առանձնահատուկ բանի մասնիկ զգա։ Տեխնոլոգիաները թույլ են տալիս հասնել հենց դրան՝ բարելավել փոխգործակցությունը և ամրապնդել հուզական կապը մեր բոլոր երկրպագուների հետ։

Ներդրվելու է վիրտուալ իրականության նոր տեխնոլոգիա, որը մենք այժմ մշակում ենք։ Այն թույլ կտա խաղը դիտել անմիջապես խաղադաշտում գտնվելու զգացողությամբ և ապրել նոր հույզեր, որոնք նախկինում անհասանելի էին։ Սա նման կլինի մարզադաշտի դռները ողջ մոլորակի առջև բացելուն՝ առանց սահմանափակումների և տեխնոլոգիական այնպիսի մակարդակով, որը շրջադարձային կետ կդառնա սպորտի աշխարհում», — Պերեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ «սերուցքայինների» մարզադաշտի վերակառուցումը մեկնարկել էր 2019 թվականին, որի համար ծախսվել է ավելի քան 1,3 միլիարդ եվրո։ Թարմացված մարզադաշտը տեղավորում է 85 454 հանդիսական։

Leave a Comment