Հայ պատգամավորները Ստամբուլում խոսել են հաստատված խաղաղության ու TRIPP-ի հեռանկարի մասին

Հայաստանի խորհրդարանից պատվիրակություն է մեկնել Ստամբուլ՝ մասնակցելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանին։

Այցի ընթացքում շփումներ են եղել Ադրբեջանի պատվիրակության անդամների հետ, անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարին։ Հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը «Կամրջող հեռանկարներ. երկխոսության, միջնորդության և վստահության ամրապնդումը անորոշության դարաշրջանում» խորագրով քննարկմանը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շուտով դրական արդյունքի կհանգեցնի:

Ստամբուլում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի ժամանակ Հայաստանի պատվիրակները հայտարարել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հաստատված է՝ հղում անելով օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնագրերին և նախաստորագրված փաստաթղթին։

Վաշինգտոնի հայտարարությունը ամուր հիմք է դրել գործակցության և հարաբերությունների զարգացման նոր դարաշրջանի համար՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հարգանքի վրա, նիստում հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ ընդգծելով Միացյալ Նահանգների կարևոր դերը և նախագահ Թրամփի առաջնորդությունը։

«Անցնելիք ճանապարհը մեզնից պահանջում է համբերություն և հոգատարություն՝ փոխադարձ վստահություն կառուցելու համար: Վստահության կառուցման կարևոր քայլ էր ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և հարակից կառույցների փակումը Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումի հիման վրա: Տարածաշրջանային հաղորդակցությունների բացման վերաբերյալ մեր քննարկումները հիմա դարձել են առավել քան գործնական՝ ներառելով TRIPP ուղու իրագործմանն ուղղված քայլերը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում: Այս ուղին կնպաստի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանին, այլ նաև կունենա գլոբալ նշանակություն՝ կապելով Կենտրոնական Ասիան Եվրոպային»:

Հայ պատվիրակները գոհ են Թուրքիայի ընդունելությունից, կարծում են՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շուտով որոշակի արդյունքներ կունենա։

«Եվ վերջապես, չեմ կարող չարտահայտել իմ լավատեսությունը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես շուտով կբերի դրական արդյունքներ: Այժմ ընթացող կառուցողական և ակտիվ քաղաքական երկխոսությունը մեզ հույս է տալիս, որ այն շուտով կվերածվի մեր հարաբերությունների ինստիտուցիոնալացման, սահմանների բացման և ավելի լայն համագործակցության»։

Այս հայտարարություններին զուգահեռ՝ Երևան-Անկարա երկխոսությանը Թուրքիայի ազգային մեծ ժողովում անդրադարձել է այդ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Թուրքիան պատրաստ է կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ այն բանից հետո, երբ Երևանն ու Բաքուն ստորագրեն խաղաղության վերջնական պայմանագիր՝ նշել է Ֆիդանը։

Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ճանապարհին կարևոր են Հայաստանի Սահմանադրության փոփոխության և Հայաստանի հարավով նախատեսվող հաղորդակցային ուղու հարցերը, որոնք, նրա խոսքով, չեն ներառվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կողմերի միջև նախաստորագրված փաստաթուղթ։ Նա նշել է, որ այս «զգայուն» խնդիրները լուծելուց և Բաքվի հետ վերջնական համաձայնագիր կնքելուց  հետո Թուրքիան կբացի սահմանը Հայաստանի հետ։ Անդրադառնալով հարցին, թե ինչու Անկարան  չի արագացնում  գործընթացը, Ֆիդանը նշել է, որ ուզում են խուսափել Հարավային Կովկասում սառեցված հակամարտություն ունենալու հեռանկարից։

«Մենք շարունակում ենք տարբեր մակարդակներում երկխոսությունը Հայաստանի հետ, որը ցուցաբերել է բաց և պատրաստակամ դիրքորոշում մեր երկրի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, և մենք անկեղծորեն առաջ ենք մղում մեր համատեղ ջանքերը ձեռնարկվող կոնկրետ քայլերի ուղղությամբ։ Թուրքիան ձգտում է խաղաղություն հաստատելու Հարավային Կովկասում և ստեղծելու բարգավաճման ընդհանուր տարածք տարածաշրջանում»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի հետ Հայաստանի ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ առաջիկայում հայ-թուրքական սահմանը կբացվի։ Նա հայտարարել էր, որ հայկական կողմը ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ է հենց այսօրվանից ապահովելու բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Հայաստանի տարածքով՝ Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից Թուրքիա։

«Հայաստանի տարածքում թե՛ ճանապարհները, թե՛ ճանապարհային ենթակառուցվածքները պատրաստ են դրան՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով»,-հայտարարել էր Հայաստանի վարչապետը։

Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հեռանկարներին անդրադարձել է նաև ամերիկյան Atlantic Council-ի ավագ գիտաշխատող և աշխարհաքաղաքական հարցերով վերլուծաբան Ռիչ Աութզենը։

«TRIPP-ի համաձայնագիրը տնտեսական հսկայական հնարավորություններ է բացում Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Ըստ վերլուծաբանի՝ այն ոչ միայն դիվանագիտական ​​նշանակություն ունի, այլև հսկայական առևտրային ներուժ։ Սա գրավում է լայն շրջանակի կողմնակիցների՝ ներառյալ մասնավոր հատվածը, ինչը մեծացնում է դրա հաջող իրականացման հեռանկարները»։

Ամերիկացի վերլուծաբանն ընդգծել է TRIPP նախագծի կարևորությունը, որը, նրա ձևակերպմամբ,  կդառնա Ադրբեջանը, Թուրքիան, Կենտրոնական Ասիան և Եվրոպան կապող տարանցիկ միջանցք։ Աութզենը նշել է, որ Կենտրոնական Ասիայի պետությունները նույնպես նախագիծը դիտարկում են որպես Միջին միջանցքի՝ կյանքի կոչման հնարավորություն։ Փորձագետի գնահատմամբ՝ շուրջ մեկ տասնյակ երկիր հետաքրքրված է նախագծի հաջողությամբ, ինչը դրան ռազմավարական նշանակություն է հաղորդում:

Նույն թեմայի մասին խոսելիս Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ջոն Դի Պիռոն ասել է, որ TRIPP նախագծի իրականացումն առանցքային նշանակություն ունի Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, որն այսօր ռազմավարական կամուրջ  է Եվրոպայի և Ասիայի միջև։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները TRIPP նախագծի մշակման համար 145 մլն դոլար է հատկացրել և կողմերի հետ  աշխատանքային խմբեր ձևավորել։ «Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր է ապահովել այս նախագծի իրականացումը»,-հավելել է նա։

Այս վերլուծություններին գումարվում է նաև մեկ գործնական քայլ։ Հայտնի է դարձել, որ
ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Ջոնաթան Ասկոնասը Վրաստանում է՝ քննարկելու երկրի մասնակցությունը Թրամփի ուղի նախագծին: Նշվում է, որ այցի նպատակն է քննարկել, թե ինչպես Վրաստանը կկարողանա աջակցել TRIPP-ին:

Վերադառնալով Ստամբուլում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ-ին՝ նշենք, որ նստաշրջանի ընթացքում  առանձին, երկկողմ հանդիպում են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունները:

Հաղորդվում է, որ այն տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև մեկ ամիս առաջ Ժնևում անցկացված քննարկումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար նման հանդիպումների հիմնական նպատակը մեկն է․

«Կարծում եմ, որ մեր երկու երկրների հանրությունների միջև վստահության վերականգնման հարց կա, որը խորհրդարանականները թերևս լավագույնս կարող են լուծել»։

Հենց այս նպատակին էր միտված Ստամբուլում երկու պետությունների խորհրդարանականների հանդիպումը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերն ընդգծել են Վաշինգտոնի գագաթնաժողովի դրական դերը և կարծիքներ են փոխանակել ձեռք բերված պայմանավորվածությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանն ուղղված հաջորդ քայլերի, ինչպես նաև գործընթացին երկու երկրներում խորհրդարանական աջակցության կարևորության վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումների անցկացման գործում խորհրդարանների դերին: Երկուստեք շեշտվել է միջազգային կազմակերպություններում խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության կարևորությունը:  

Leave a Comment