ՆԱՍԱ-ն զգուշացնում է․ Անտարկտիդան կանաչում է աննախադեպ տեմպերով․ «Էկոսֆերա»

Ըստ ՆԱՍԱ-ի տվյալների՝ վերջին 40 տարիների ընթացքում Անտարկտիկական թերակղզու կանաչ ծածկույթը տասնապատիկից ավելացել է։ 1986-ից 2021 թվականներին բուսականությամբ ծածկված տարածքը 0.86-ից հասել է մինչև 11.95 քառակուսի կիլոմետր։ Այս հայտնագործությունը դարձել է հնարավոր Landsat արբանյակային տվյալների շնորհիվ, որոնք Երկրի մակերեսը ֆիքսում են 1972 թվականից։

«Քարտեզի վրա յուրաքանչյուր վեցանկյուն ներկայացնում է 5000 քառակուսի կիլոմետր և գունավորված է բուսականության տարածման համաձայն։ Նույնիսկ այդքան հեռավոր տարածքը տուժում է կլիմայի փոփոխությունից»,– նշում է Էքսետերի համալսարանի դոկտոր Թոմաս Ռոլանդը։

Ջերմաստիճանի բարձրացման հետևանքով սառցադաշտերը նահանջում են՝ բացելով նոր հողեր բուսականության տարածման համար։ Ջրիմուռներն ու ցիանոբակտերիաները առաջիններն են «գաղութացնում» այդ բաց տարածքները՝ ստեղծելով հիմք մամուռների և այլ բույսերի աճի համար։

Վերջին տարիներին նկատվել է նաև տեղական անոթավոր բույսերի աճի ակտիվացում, իսկ ոչ տեղական բուսատեսակների թիվն արդեն գերազանցում է 100-ը՝ փաստելով, որ նույնիսկ Անտարկտիդան այլևս մեկուսացված չէ գլոբալ տաքացման ազդեցություններից։

Leave a Comment