Հայաստանի ներքաղաքական կյանքում հատկապես վերջին շրջանում շատ հաճախ քաղաքական և իրավական գործընթացները դիտարկվում են որպես փոխկապակցված․ ընդդիմությունը քաղաքական ենթատեքստ է տեսնում իրավական տարբեր պրոցեսների հիմքում՝ սեփական դիտարկումների հիմքով շրջանառելով «քաղբանտարկյալներ» ձևակերպումն ու վերջիններիս շարքում դիտարկելով, օրինակ, Գյումրիի և Մասիսի քաղաքապետերին, որոնց հանդեպ քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Նույն կապը տեսնում են նաև Վաղարշապատի ընտրություններին հաջորդած իրադարձություններում։ Իշխանությունն իր հիմնավորումներն ու համոզմունքն ունի, այն է՝ ընդդիմադիր թևն անհարկի շահարկում է այս ձևակերպումը՝ հանցավոր բոլոր երևույթները փորձելով տեղավորել դրա տակ։
Վաղարշապատի ավագանու ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած «Հաղթանակ» դաշինքի որոշ անդամներ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում։ Դաշնակցություն և «Առաջ» աջակենտրոն կուսակցությունների կազմած «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը շտապել է բացառել իրենց կողմից իրավախախտումների ցանկացած դեպք՝ որոշ անձանց տներում խուզարկություններին միանգամից տալով քաղաքական ենթատեքստ։
«Երեքը մեր ավագանու ցուցակից են՝ Դավթյան Արմենը, Գևորգյան Տիգրանը և Գևորգյան Կարենը։ Մնացածին ես չեմ ճանաչում։ Անկեղծ ասած` քրեական գործին ես ինքս լավ ծանոթ չեմ, փաստաբաններն են զբաղվում դրանցով, բայց վստահ եմ, որ զավեշտի աստիճանի է լինելու ամեն ինչ։ Դա ուղիղ քաղաքական ուղղորդում է Վաղարշապատում։ Իրենք, լինելով միանձնյա իշխանության, չեն կարողանում հիմա համակերպվել, որ կա թիմ, որն ասելիք ուներ Վաղարշապատում ու 10 000-ից ավելի ձայն է հավաքել։ Իրենք նաև վտանգ են տեսնում, որ 5 ամիս հետո Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ այս համայնքում կան այսքան ձայն ունեցող ընդդիմադիրներ։ Իրենք դրանից վնաս են տեսնում, դրա համար, այսպես ասածն քրեական գործերով այս ընթացքում փորձելու են մեր թիմի անդամներին ընկճել, փորձել նեղել քրեական գործերով, որ կարողանան թիմը պառակտել։ Բայց թիմն այնքան մեծ է, որ չի ստացվելու»։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ հարուցված քրեական գործն առնչվում է ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերին։ Կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ։ Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ։ Այս գործի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվել Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցած «Հաղթանակ» դաշինքի որոշ անդամների տներում։ Անուններ և այլ մանրամասներ հակակոռուպցիոն կոմիտեն չի հաղորդում։
Նոյեմբերի 16-ի ընտրությունների ընթացքին հետևող դիտորդական տարբեր առաքելությունները, սակայն, իրենց դիտարկումներում առանձնապես չեն ահազանգել ընտրակաշառքի մասին։ Աննախադեպ ծավալով և տարբեր ընտրախախտումների մասին խոսող «Հայաքվե»-ի ներկայացուցիչները ընտրակաշառքի մասին տեղեկություններ չունեն։
Ավետիք Չալաբյան․ «Մենք Գյումրիում էլ չենք ֆիքսել գումար բաժանելու դեպք, ոչ էլ Փարաքարում էինք ֆիքսել գումար բաժանելու դեպք, ոչ էլ այս ընտրություններին ենք ֆիքսել գումար բաժանելու դեպք, այլապես կասեինք։ Սակայն այս ընտրություններին, օրինակ, քարոզարշավի փուլում եղել է երկու բացահայտ բարեգործության իրականացում, որը ևս արգելված է և, ի դեպ, քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Ավելին ձեզ ասեմ, այդ երկու դեպքերում էլ արդեն քրեական վարույթներ են նախատեսված»։
«Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն ամփոփիչ ասուլիսում նույնպես խոսել էր բաց քվեարկությունների, ուղղորդումների և բարեգործության դեպքերի մասին։ Բայց այդ ընտրախախտումները, ըստ գնահատումների, ընտրության արդյունքների վրա էական ազդեցություն չեն ունեցել։
Քաղաքական ուժերը Վաղարշապատի ընտրությունները դիտարկում են ընդդիմադիր և իշխանական թևերի միջև ուժերը չափելու վերջին փորձ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Նաև դրանց համատեքստում են քաղաքական և իրավական գործերը փոխկապակցված դիտարկվում, ու ընդդիմությունն այս խոսույթի հիմքով է շրջանառում «քաղբանտարկյալներ» ձևակերպումը։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անգամ թիվ է ներկայացնում․ «Այս պահին նվազագույնը 40 քաղբանտարկյալ կա երկրում։ Ընդ որում, երբ մենք խոսում ենք քաղբանտարկյալի մասին, շատ դեպքում մարդիկ ենթագիտակցորեն ընդունում են այն մարդկանց, ովքեր այդ պահին գտնվում են ճաղերի հետևում։ Բայց իրականության մեջ մարդիկ կան, որոնք ճաղերի հետևում չեն, բայց շարունակում են լինել քաղաքական բանտարկյալի կարգավիճակում։ Բնական է, որ իշխանությունը փորձելու է ամեն տեղ հայտարարել, որ քաղաքական որևէ մոտիվ կամ հիմք չկա»։
Հինգ ամիս անազատության մեջ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի կալանքը դատարանը նոյեմբերի 18-ին երկարաձգեց ևս երկու ամսով: Դատավոր Սարգիս Դադոյանը հիմք է ընդունել 52 քննիչների ու դատախազի պնդումները, թե միլիարդատեր գործարարն ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի քննությանը: Ընդդիմադիր ուժերը համարում են, որ 60-ամյա գործարարն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց Հայ Առաքելական եկեղեցուն սատարող և հարցերն, իր ձևակերպմամբ․ «մեր ձևով լուծելու» հայտարարություններից հետո։ Իշխանությունը, մինչդեռ, Կարապետյանի հայտարարության հիմքում իշխանության զավթման հրապարակային կոչեր է տեսնում, ավելի ուշ մեղադրանքներին ավելացան հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, ինչպես նաև փողերի լվացումը։ Կարապետյանի փաստաբան Լիանա Գասպարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Սամվել Կարապետյանը մասնակցել է դատական նիստին։
«Բնականաբար, պարոն Կարապետյանը հայտնեց, որ որևէ առնչություն չունի այս ամենի հետ, առաջադրված մեղադրանքները չի ընդունում և որևիցե կերպ, անգամ մեծ ցանկության դեպքում, ոչ մի կերպ խոչընդոտելու ոչ միտում ունի, ոչ նպատակ»։
Քրեական արարքներին քաղաքական ենթատեքստ վերագրելու գործելաոճին ի պատասխան՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ իրենց գնահատականն են տվել։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան․ «Ում կալանավորում են, ասում է` քաղաքական է, 37 թիվն է։ Ում բռնում ենք, ասում են` բա խի։ Կողմնորոշվեք։ Այդ մարդիկ մտածում են, որ իրենք հանցագործություն անելուց հետո և անելու համար և անելու ժամանակ կարող են պատսպարվել քաղաքական որևիցե պաշտոնի հետևում։ Ես ուզում եմ հասկանամ, ես ինչ-որ նոր բա՞ն եմ հնարում։ Այսինքն` դուք չգիտեք, հա՞, որ որոշ մարդիկ, օլիգարխներ, ինչ-որ մարդիկ, որոնք տարբեր քրեական գործերով են անցնում, իրենք սկսում են քաղաքականությամբ զբաղվել, որպեսզի հետագայում իրենց նկատմամբ քրեական գործը ներկայացվի որպես քաղաքական հետապնդում»։
Այսպիսի, եթե կարելի է ասել, «իրավա-քաղաքական» գործերից են համարվում նաև Գյումրիի և Մասիսի քաղաքապետերի հանդեպ քրեական վարույթները։ Մինչ ընդդիմությունը խոսում է քաղաքական հետապնդումների մասին, իշխանությունը մտադիր է համապետական ընտրությունների նախաշեմին հստակ տարանջատում դնել քաղաքական և իրավական պրոցեսների միջև։