«Արցախի տեղահանումից հետո. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն այսօր անդրադարձավ միջազգային դատական ատյաններից հայցերը հետ կանչելու հարցին։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված համաձայնագրում կա դրույթ, ըստ որի՝ «Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած և բոլոր միջպետական հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը, որոնք վերաբերում են մինչև սույն Համաձայնագրի ստորագրումը կողմերի միջև առկա խնդիրներին, և չեն նախաձեռնի այդպիսի հայցեր, գանգատներ, բողոքներ, առարկություններ, վարույթներ և որևէ կերպ չեն ներգրավվի որևէ երրորդ կողմի կողմից մյուս կողմի դեմ ներկայացվող գանգատներում, բողոքներում, առարկություններում, վարույթներում։ Կողմերը դիվանագիտական, տեղեկատվական և այլ ոլորտներում որևէ կերպ չեն իրականացնի, խրախուսի կամ ներգրավվի միմյանց նկատմամբ սույն Համաձայնագրին հակասող թշնամական գործողություններում և կանոնավոր խորհրդակցություններ կանցկացնեն այդ նպատակով»։
Սիրանուշ Սահակյանն ասաց, որ այդ դրույթը դեռեւս կիրառման ուժ չունի, բայց եթե համաձայնագիրն անցնի ստորագրման եւ վավերացման փուլերն ու մտնի ուժի մեջ, ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում ՀՀ-ն եւ Ադրբեջանը պետք է հրաժարվեն միջազգային ատյաններում գտնվող բոլոր հայցերից։
«Այս պահին հայցեր կան ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, եւ Ադրբեջանը Հայաստանի դեմ հայցեր ունի նաեւ միջազգայի արբիտրաժային դատարաններում։ Ենթադրվում է, որ այս երեք ատյաններում պետությունները հայցերից հրաժարվելու մտադրություն արտահայտող միջնորդություններ պետք է ներկայացնեն։ Մի իրավական նրբություն կա՝ երբ անհատական գործերով էլ մենք ՄԻԵԴ-ին դիմում են, որ այլեւս հետամուտ չենք մեր գանգատի քննությանը, հրաժարվում ենք մեր ներկայացրած հայցից, դատարանը ոչ թե ավտոմատ կերպով հաստատում է հրաժարումը, այլ փորձում է քննարկել գործի իրավական արժեքը։ Ոչ միայն տուժող կողմի համար, այլ նաեւ տուժողի համանման կարգավիճակում գտնվող այլ անձանց համար։ Այսինքն՝ փորձում է հասկանալ, թե գործն ինչ իրավական ստանդարտներ է նախատեսում մարդու իրավունքների պաշտպանության առումով։ Եվ մենք ունենք դեպքեր, երբ, օրինակ, խոշտանգումների զոհը հրաժարվել է իր հայցից, ՄԻԵԴ-ը չի ընդունել հրաժարումը՝ պատճառաբանելով, որ արդարադատության շահերը պահանջում են գործի հետագա քննություն եւ առաջադրված իրավական հարցերի վերաբերյալ դատական դիրքորոշում։ Ցավոք սրտի, մենք չունենք միջպետական հայցերից հրաժարվելու նախադեպ եւ չգիտենք, թե արդյոք նույն կարգավորումը դատարանը կկիրառի՞ միջպետական հայցերի նկատմամբ, թե՞ ոչ»,- ասաց նա։
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ այստեղ ՄԻԵԴ-ն ունի հայեցողություն, եւ շատ կարեւոր է, որ այդ հայեցողությունն ընթանա այն ճանապարհով, որ ուժեղացնի տուժողների միջազգային իրավական պաշտպանվածությունը։ Դատարանը կարող է շատ կրիտիկական դեր ստանձնել այս փուլում՝ մերժելով Հայաստանի եւ Ադրբեջանի խնդրանքները՝ արձանագրելով, որ տուժողների իրավունքների խախտման շահն ավելի բարձրագույն է, եւ գործի քննությունը պետք է շարունակվի։
Սիրանուշ Սահակյանը միաժամանակ ասաց, որ միջպետական գանգատները հետ կանչելը որեւէ կերպ չի ազդելու անհատական գանգատների վրա։ Նախաստորագրված համաձայնագիրը որեւէ իրավական ազդեցություն չի կարող ունենալ անհատական գործերի վրա։
Միջազգայի իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն էլ ասաց, որ Վաշինգտոնում նախաստորագրված այդ պայմանագիրը շատ հեռու է խաղաղության համաձայնագրից, որովհետեւ խաղաղության պայմանագրերը լինում են հավելվածներով, մանրամասն մեխանիզմներով։ «Դա նշանակում է, որ քաղաքացու ճանապարհն ազատ է, նա պետք է գնա միջազգային դատարան։ Եվ միջազգային դատարանը կընդունի գանգատ այնքան ժամանակ, մինչեւ այստեղ այս երկու պետությունները չստեղծեն հատուցման ու վերադարձի մեխանիզմները։ Դա արդեն միջազգային իրավունքով հաստատված մոտեցում է»,- նշեց Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: