Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վերջերս քննել է ԶՊՄԿ-ի նախկին աշխատակցի՝ Ա.Բ.-ի հայցն ընդեմ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի՝ Ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի 07.02.2025 թվականի թիվ 276-Կ հրամանը անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների վերաբերյալ։ Դատարանը բավարարել է հայցը մասնակի՝ անվավեր ճանաչելով աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը, սակայն չվերականգնելով աշխատակցին նախկին աշխատանքում՝ փոխարենը սահմանելով համապատասխան հատուցում։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Գործի փաստական հանգամանքները
Համաձայն գործի նյութերի, Ա.Բ.-ն աշխատանքի է ընդունվել ԶՊՄԿ-ում 11.02.2014 թվականին թիվ 6069 աշխատանքային պայմանագրով։ Մինչև աշխատանքից ազատվելը նա զբաղեցրել է հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամասի մեխանիկական կառավարչության սարքավորում սպասարկող 6-րդ տարակարգի հերթապահ փականագործի պաշտոնը։
2025 թվականի փետրվարի 7-ին ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին հրաման է ստորագրել Ա.Բ.-ի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին՝ առաջնորդվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով (վստահության կորուստ)։
Ըստ հրամանի՝ ազատման հիմք էր հանդիսացել այն, որ Ա.Բ.-ն 2025 թվականի հունվարի 31-ից մինչև փետրվարի 4-ը կազմակերպել է և մասնակցել է ընկերության աշխատանքային գործընթացը խոչընդոտող անօրինական գործողություններին, այդ թվում՝ արգելապատնեշներ տեղադրելուն, ճանապարհները փակելուն, խտանյութով բարձված բեռնատարների ելքը սահմանափակելուն և աշխատակիցների մուտքը արտադրական տարածքներ սահմանափակելուն, որի հետևանքով ընկերությունը կրել է նյութական վնաս։
Հայցվորը պնդել է, որ չի ստացել բացատրություն տալու վերաբերյալ ծանուցում և գտնվել է արձակուրդում 2025 թվականի հունվարի 15-ից մինչև մարտի 10-ը։ Բացի այդ, փետրվարի 5-ից 8-ը, այսինքն՝ աշխատանքից ազատման հրամանի ստորագրման շրջանում, նա գտնվել է ձերբակալության վայրում (ՁՊՎ)։
Դատարանի վերլուծությունները. ընթացակարգային խախտումները
Քննելով գործը՝ դատարանն առաջին հերթին անդրադարձել է կարգապահական պատասխանատվության կիրառման ընթացակարգի պահպանման հարցին։ Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի, մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն՝ տրամադրելով ողջամիտ ժամկետ։
Դատարանը պարզել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում կարգապահական պատասխանատվության ենթարկելու և աշխատողների ծանուցման կարգերը հաստատելու վերաբերյալ 13.06.2022թ. հրամանով հաստատված «Աշխատողների ծանուցման վերաբերյալ» կարգի համաձայն, էլեկտրոնային եղանակով ուղարկված ծանուցումը համարվում է աշխատողի կողմից ստացված էլեկտրոնային նամակն կամ SMS-ը ուղարկելուն հաջորդող 7-րդ օրվանից։
Տվյալ դեպքում, Գործատուն 07.02.2025թ. թիվ 408 ծանուցմամբ աշխատողից պահանջել է բացատրություն ներկայացնել, սակայն այդ ծանուցումը ուղարկել է էլեկտրոնային հավելվածով (WhatsApp, Viber)։ Արձանագրելով, որ ծանուցումը թվագրված է 07.02.2025 թվականով, իսկ վիճարկվող հրամանն ընդունվել է նույն օրը, Դատարանը եզրակացրել է, որ Գործատուն չի պահպանել իր իսկ ներքին իրավական ակտով սահմանված ծանուցման ժամկետները, քանի որ վիճարկվող հրամանի ընդունման պահին բացատրություն պահանջելու վերաբերյալ ծանուցումը նույնիսկ չի համարվել աշխատողի կողմից ստացված։
Ավելին, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչի 16.05.2025թ. գրությամբ հաստատվել է, որ Ա.Բ.-ն 2025 թվականի փետրվարի 5-ից մինչև փետրվարի 8-ը ներառյալ գտնվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Կապանի բաժնի ՁՊՎ-ում։ Այդ ժամանակահատվածում նրան տեսակցել է միայն փաստաբանը, բջջային հեռախոսները գտնվել են քննչական մարմնի մոտ, և վարույթն իրականացնող մարմինը «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունից որևէ ծանուցում կամ բացատրություն ներկայացնելու գրավոր պահանջ չի ստացել։
Հետևաբար, Դատարանը եզրակացրել է, որ Ա.Բ.-ը, գտնվելով ՁՊՎ-ում և զրկված լինելով հեռախոսակապի անարգել օգտագործման հնարավորությունից, չի ստացել էլեկտրոնային եղանակով բացատրություն պահանջելու վերաբերյալ գործատուի ծանուցումը և չի ունեցել դրան արձագանքելու որևէ հնարավորություն։
Փաստական հիմքի անբավարարությունը
Դատարանը հաստատել է, որ վիճարկվող հրամանում նկարագրված գործողությունները (արգելապատնեշների տեղադրում, ճանապարհների փակում և այլն) փաստացի տեղի են ունեցել, և դրանց արդյունքում ընկերության աշխատանքը դադարեցվել է՝ հանգեցնելով վնասի։
Այնուհանդերձ, Դատարանն արձանագրել է, որ ներկայացված ապացույցները (լուսանկարներ, տեսագրություններ) բավարար չեն Հայցվորին վերագրվող արարքները վերջինիս կողմից կատարված լինելու վերաբերյալ փաստ հաստատելու համար։ Մասնավորապես, որոշ լուսանկարներում և տեսանյութերում պատկերված է Ա.Բ.-ը, սակայն այդ նույն նյութերում պատկերված են բազմաթիվ այլ անձինք ևս, և դրանով չի հաստատվում դրանում պատկերված անձանց կողմից քննարկվող գործողությունների կատարումը կամ կազմակերպումը։
Դատարանը նշել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 222-րդ հոդվածի համաձայն՝ կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն աշխատանքային կարգապահությունը խախտած աշխատողը։ Հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը՝ տվյալ դեպքում Պատասխանողը։
Աշխատանքում վերականգնելու հարցը
Անդրադառնալով աշխատանքում վերականգնելու հարցին՝ դատարանը քննարկել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, որը սահմանում է, որ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում՝ փոխարենը սահմանելով հատուցում։
Դատարանը պարզել է, որ կողմերի միջև առկա են լարված հարաբերություններ։ Ընկերության կողմից հայց է ներկայացվել ութ աշխատակիցների, այդ թվում հայցվորի դեմ, ինչպես նաև քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս հանգամանքները, Դատարանի գնահատմամբ, վկայում են նվազագույնը գործատուի կողմից աշխատողի նկատմամբ ունեցած անվստահության և Հայցվորի կողմից Ընկերությանը վնաս պատճառած լինելու հանգամանքի վերաբերյալ գործատուի համոզմունքի մասին։
Այնուհանդերձ, Դատարանը հատուկ ընդգծել է, որ Հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության հիմքերը՝ կողմերի միջև լարված հարաբերությունները և աշխատողի նկատմամբ վստահության կորուստը, գործատուի մոտ չեն առաջացել Հայցվորի վարքագծի արդյունքում և դրանք հետևանք են միայն Պատասխանող ընկերության կողմից քաղաքացիական և քրեական վարույթներ հարուցելու նախաձեռնության։
Ելնելով այդ հանգամանքներից՝ դատարանը եզրակացրել է, որ կողմերի միջև բնականոն աշխատանքային իրավահարաբերությունները վերականգնելու հնարավորությունը բացակայում է, և որոշել է աշխատողին աշխատանքում չվերականգնել։
Հատուցման չափը
Հատուցման չափը որոշելիս դատարանը ղեկավարվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է հատուցում՝ ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով։
Դատարանը նշել է, որ հատուցման չափը որոշելիս պետք է հաշվի առնվեն աշխատողի աշխատանքային ստաժը, հրամանի անվավերության հիմքը, նախկին աշխատանքում չվերականգնելու հիմքի առաջացման հարցում կողմերի դերակատարումը, գործի քննության տևողությունը և այլն։
Դատարանը գտել է, որ գործի քննությամբ թույլատրելի և վերաբերելի ապացույցների համակցությամբ ոչ միայն չի հաստատվել Հայցվորի կողմից իրեն վերագրվող արարքի կատարումը, այլև առկա չեն այնպիսի հանգամանքներ, որոնք գործատուի մոտ կարող էին նման ներքին համոզմունք ձևավորել և հանգեցնել լարված հարաբերությունների առաջացման։
Այս հանգամանքները հաշվի առնելով՝ դատարանը որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց համաչափ հատուցման չափ սահմանել է միջին աշխատավարձի տասնապատիկը։
Դատարանի վճիռը
Ելնելով վերոգրյալից՝ դատարանը որոշել է.
- Անվավեր ճանաչել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 07.02.2025 թվականի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին թիվ 276-Կ հրամանը։
- Մերժել Ա.Բ.-ին նախկին աշխատանքում վերականգնելու պահանջը՝ Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից լուծված համարելով աշխատանքային պայմանագիրը։
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից հօգուտ Ա.Բ.-ի բռնագանձել՝
- Հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով հատուցում՝ 07.02.2025 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը
- Աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի տասնապատիկի չափով
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2025 թվականի օգոստոսի 12-ին։ Գործը հանձնվել է դատարանի գրասենյակ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին (էջերի քանակը՝ 1-173, 2-174, 3-135, 4-71) և նույն օրը՝ սեպտեմբերի 23-ին, հանձնվել է դատարանի արխիվ,-տեղեկացնում է Iravaban.net-ը։
Նյութի գլխավոր լուսանկարում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի լուսանկարն ու ընկերության խորհրդանիշն է։