Երևանի քաղաքացիական դատարան նոյեմբերի 12-ին հայցադիմում է ստացվել Ավետիք Չալաբյանի կողմից ընդդեմ ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ զրպարտության հերքման և վեց միլիոն դրամ վնասի հատուցման պահանջով։ Վեճի առարկան Civic.am կայքի YouTube ալիքում հեռարձակված տեսանյութն է, որտեղ, Չալաբյանի պնդմամբ, տարածվել են իրեն վերաբերող սուտ տեղեկություններ։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Datalex դատական տեղեկատվական համակարգից։ Գործը նույն օրը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին։ Այս փուլում դատարանը պետք է որոշի հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը՝ ուսումնասիրելով այն և դրան կից ներկայացված փաստաթղթերը։
Ի՞նչ է պահանջում Հայցվորը
Հայցվորը ներկայացրել է երեք պահանջ։
Առաջին պահանջը վերաբերում է հերքման հրապարակմանը։ Չալաբյանը պահանջել է պարտավորեցնել Ալեքսանյանին հրապարակել հերքում https://civic.am/ քաղաքացիակենտրոն լրատվության ինտերնետային կայքում, YouTube ալիքում և Facebook հարթակում։ Հերքումը պետք է իրականացվի զրպարտություն համարվող տեղեկատվությունը հրապարակած նույն լրատվական միջոցներով։
Հայցադիմումում մանրամասնորեն նկարագրված է հերքման ձևը և բովանդակությունը։ Հերքումը պետք է տեղադրվի զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալներ ներկայացնող լրատվական նյութի նույն հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=_ZOFPqgKC_A։
Հերքումը պետք է կատարվի https://civic.am/ քաղաքացիակենտրոն լրատվության ինտերնետային կայքում, YouTube ալիքում և Facebook հարթակում՝ https://www.youtube.com/@newscivic «ԱՄԲԻՈՆ 2» վերտառությամբ տեսանյութի թողարկման ընթացքում։ Հայցվորը պահանջել է, որ հերքումը չզիջի հրապարակված տեղեկատվությանը տևողության, ձևավորման և նյութի ներկայացման կարևորության առումով։
Հերքման տեքստը, ըստ հայցվորի պահանջի, պետք է ներառի առնվազն հետևյալը. «ՀԵՐՔՈՒՄ, 17.10.2025 թվականին https://civic.am/ քաղաքացիակենտրոն լրատվություն ինտենետային կայքի յութուբյան ալիքով՝ https://www.youtube.com/@newscivic հեռարձակված «Գարեգին Բ Քոչարյանասերը, Հուդան և Թաթան, ԱՄԲԻՈՆ 2» վերտառությամբ տեսանյութի ընթացքում Ավետիք Չալաբյանի կողմից ուսանողների գլուխը 1000 դրամով առնել ցանկացած լինելու, ինչպես նաև այդ արտահայտությունը Ավետիք Չալաբյանի կողմից արված լինելու վերաբերյալ հրապարակված տվյալները չեն համապատասխանում իրականությանը՝ սուտ են»։
Երկրորդ պահանջը վերաբերում է վնասի փոխհատուցմանը։ Չալաբյանը պահանջել է Ալեքսանյանից հօգուտ իր բռնագանձել 6,000,000 (վեց միլիոն) ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում։
Երրորդ պահանջը վերաբերում է դատական ծախսերի հատուցմանը։ Հայցվորը պահանջել է Ալեքսանյանից հօգուտ իր բռնագանձել դատական ծախսը՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը։ Հայցադիմումում նշված է, որ փաստաբանական պայմանագիրը և հաշվարկը կներկայացվեն հավելյալ,- այդ մասին տեղեկացնում է Iravaban.net–ը: