«Կան արդեն արձանագրված մի շարք խախտումներ, որոնք կարելի է առանձին-առանձին բաժանել մի քանի խմբերի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վաղարշապատի ավագանու ընտրությունները դիտարկող «Հայաքվե» դիտորդական առաքելության անդամ Ատոմ Մխիթարյանը:
«Ամենատարածվածը, որ նկատում ենք, բաց քվեարկություններն են: Ընդ որում, դա անմիջապես հետևում է ուղղորդմանը: Մենք նկատում ենք հետևյալ սցենարը․ մարդիկ, որոնք մոտ մոտենում են ընտրական տեղամաս, մինչև մուտք գործելը նրանց ինչ-որ մարդ մոտենում է և ամենայն հավանականությամբ ինչ-որ ցուցում տալիս: Ընդ որում, ունենք նաև տեսանյութեր այս առումով: Հետո այդ մարդը, երբ որ քվեարկում է, այնպես է դնում համապատասխան քվեաթերթիկը (կուսակցությունների անուններ չեմ տալու, որովհետև քվեարկության օրն է և որևէ ազդեցություն մենք չենք ուզում ունենալ, բայց այդ ամբողջը արձանագրում ենք և մեր հաշվետվության մեջ մանրամասն նկարագրելու ենք), այնպես են դնում համապատասխան համարի քվեաթերթիկը ծրարի մեջ, որպեսզի տեսանելի լինի այն մարդուն, ում նա նախապես մոտեցել էր քվեարկության տեղամաս, ընտրական տեղամաս մոտենալիս:
Երկրորդը․ մեքենաներով ընտրողներին տեղամասեր բերելը: Ընդ որում, այնպիսի մարդիկ չեն այդ մեքենաներից իջնում, որոնք, օրինակ, չէին կարող ոտքով գալ։ Բայց, ամենայն հավանականությամբ, դա ևս ցույց է տալիս, որ ինչ-որ մեկը, ընդ որում՝ նույն մեքենան մի քանի անգամ է պտտվում, և մենք նկատել ենք նաև այնպիսի մեքենաներ, որոնց վրա պաստառ կա և համապատասխան համար կա: Այսպիսի դեպքեր նկատում ենք հատկապես երկու ուժի կողմից»,- ասաց դիտորդը։
Մանրամասն՝ տեսանյութում: