ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում նախ անդրադարձել է այս օրերին խորհրդարանում բյուջետային քննարկումների տրամաբանությանը, խոսել ներքին ու արտաքին քաղաքական գործընթացների վերաբերյալ ընդդիմադիր գործիչների հնչեցրած հայտարարությունների ու մեղադրանքների մասին ու հակափաստարկներ ներկայացրել:
«Հայաստանի Հանրապետությունը 2025 թվականին երկիր է, որն ի վիճակի է առերեսվել իր խնդիրներին եւ իր ճակատագրին»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:
Խաղաղության գաղափարի շուրջ հնչած տեսակետների մասով Նիկոլ Փաշինյանը փաստել է.
«Խաղաղությունն այն է, որ 1 տարի 8 ամիս Հայաստանի սահմաններում փոխհրաձգությունից զինվոր չի զոհվում: Խաղաղությունն այն է, որ սահմանամերձ բնակավայրերում արդեն երեք ամիս կրակոցների ձայն մարդիկ չեն լսում: Խաղաղությունն այն է, որ գնացք է մտել Հայաստան Ադրբեջանի տարածքով…»:
Վարչապետն անդրադարձել է ներքաղաքական ու արտաքին քաղաքական մի շարք իրողություններին ու արձանագրել, որ եթե 2018 թվականի դրությամբ իրենք իշխանության չլինեին, ուրիշը լիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինելու:
«Սա առաքելություն է, եւ մենք այս առաքելությունն անում ենք: 2021 թվականին ընտրություն էինք անում, ասեցի, եթե մեր ժողովուրդը որոշի՝ ինձ գնդակահարելու է, ես լուռումունջ պատի տակ կանգնելու եմ: Հիմա էլ եմ ասում: Բայց եթե այն ժամանակ շփոթված էինք ինչ-որ առումով, հիմա վստահ ենք: Հիմա ես վստահ եմ այն ճանապարհի մեջ, որն անցել ենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով իշխանության ծրագրերի մասին՝ գործադիրի ղեկավարը փաստել է.
«Մեր ամենաառաջին եւ ամենակարեւոր ծրագիրը եղել է ՀՀ հարատեւությունն ապահովելը: Մենք ապահովում ենք ՀՀ հարատեւությունը՝ որպես ինքնիշխան պետություն»:
ՀՀ վարչապետի դիտարկմամբ պատմական շրջադարձ է տեղի ունեցողը, Հայաստանը պատմության ընթացքում պետություն լինելու, բարեկեցիկ, երջանիկ, անկախ ու անվտանգ լինելու այսպիսի հնարավորություն երբեք չի ունեցել:
«Խոսքը վերջին 5 տարվա մասին չէ: Խոսքը վերջին 500 տարվա մասին է»,- նշել է Նիկոլ Փաշինյանն եւ հավելել. «Մենք այդ խնդիրը լուծել ենք շատ դառը, դաժան փորձությունների միջով անցնելով: Մենք այս անկախությունը ձեռք ենք բերել մեր նահատակների կյանքի գնով»: Գործադիրի ղեկավարի գնահատմամբ Հայաստանն ապրում է իր վերջին 500 տարվա պատմության լավագույն շրջանը:
ՀՀ վարչապետը մանրամասն խոսել է տնտեսական քաղաքականության դրական տեղաշարժերի, ֆինանսական աճի միտումների, մարզերի համաչափ զարգացման, գործարար ոլորտի համար ստեղծված բարենպաստ միջավայրի եւ բազմաթիվ ոլորտներում իրականացված բարեփոխումների մասին:
Բյուջեի նախագծի քննարկումն ընդմիջվել է առնվազն 4 օրով: Պատգամավորներն ու խմբակցություններն իրենց առաջարկները կարող են ներկայացնել 24 ժամվա ընթացքում:
ՀՀ վարչապետի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում: