Ով է փոխարինելու Յամալին Իսպանիայի հավաքականում․ Դե լա Ֆուենտեն որոշում է կայացրել

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն որոշել է, թե ով կփոխարինի «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալին, ով դուրս է մնացել ԱԱ-2026-ի ընտրական խաղերի հայտացուցակից։ «Բարսայի» ֆուտբոլիստին հավաքականում կփոխարինի «Ռայո Վալեկանոյի» հարձակվող Խորխե դե Ֆրուտոսը։

Նոյեմբերի 11-ի առավոտյան Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց, որ Լամին Յամալը հանվում է ազգային թիմի հայտացուցակից ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի վերջին խաղերից՝ Վրաստանի (նոյեմբերի 15) և Թուրքիայի (նոյեմբերի 18) դեմ։

Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ հարձակվողն անցել է ինվազիվ ռադիոհաճախականությամբ բուժում՝ ցայլոսկրի շրջանում առաջացած անհարմարությունը (ցավը) բուժելու համար, առանց այդ մասին տեղյակ պահելու հավաքականին։

28-ամյա Խորխե դե Ֆրուտոսը իր կարիերայում դեռևս չի խաղացել Իսպանիայի հավաքականում։ Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» ակադեմիայի սանը բոլոր մրցաշարերում միասին անցկացրած 16 խաղերում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ «Ռայո Վալեկանոյի» կազմում։

Leave a Comment