հարց է ծագում՝ «ո՞վ է հրեշը»։ Նիկո՞լը, որ ապազգային հայտարարություններով է հանդես գալիս, թե՞ նրանք, ովքեր կուրորեն կատարում են ցուցումները. Էլեոնորա Մանանդյան

Արդեն 7,5 տարի է, որ մեր Հայրենիքում տիրում է ազգային արհավիրք դարձած Նիկոլի իշխանությունը։ Իր վարած քաղաքականության և Նիկոլի` հայ ազգային սրբությունները մերժող «նոր» գաղափարախոսության պատճառով մեր ազգը շարունակաբար մեծագույն կորուստներ է կրում՝ կորցրեցինք Արցախը ու ՀՀ տարածքների մեծ զանգված, խայտառակ ընկավ Հայաստանի միջազգային հեղինակությունը, քայքայվեց տնտեսությունը, պետական կառավարման ապարատի մակարդակն իջավ գյուղի միջնակարգ դպրոցի մակարդակի, երկիրը լցված է օտարերկրյա չհսկվող միգրանտներով, որոնք լուրջ վտանգ են ազգային անվտանգության համար և այլն։ Այս ամբողջն ընթանում է արտաքին չդադարող լրջագույն վտանգի ներքո։

Իսկ այժմ բոլորիս աչքի առաջ ծավալվում են ՀՀ իշխանությունների հարձակումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա՝ ապօրինի ձերբակալվում և վարկաբեկվում են Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները, դիտավորյալ կերպով ապականվում է Եկեղեցու հեղինակությունը, ՀՀ Օրենքի կոպիտ խախտմամբ զավթվում է Հայ Առաքելական Եկեղեցու գույքը, իշխանությունների ջանքերով շարունակաբար նսեմացվում են Քրիստոնեության սուրբ արժեքները։ Այս ամբողջն ընթանում է ժողովրդի վախեցած պասիվության և ընդդիմության անհամերաշխության պայմաններում։

Մենք բազմիցս դիմել ենք համայն հայ ժողովրդին՝ ահազանգելով վտանգների մասին, սակայն իրավիճակն արդեն ծայրահեղ է։ Բոլորը վերջապես պետք է խոստովանեն, որ Հայաստանն ու Հայ ազգը կանգնած են ի սպառ կործանման վտանգի առաջ, ուստի պայքարը կենսական նշանակություն ունի։

Այնուամենայնիվ, մեզ համար լուրջ հարց է ծագում՝ «ո՞վ է հրեշը»։ Նիկո՞լը, որ ապազգային ու անմարդկային հայտարարություններով է հանդես գալիս, թե՞ նրանք, ովքեր կուրորեն կատարում են իր ցուցումները, թե՞ նրանք, ովքեր հեշտությամբ պատրաստ են դավաճանությանը։ Ցավոք, հրեշի թակարդները շատ են, բայց կենտրոնում մնում է հենց Նիկոլը։
Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք քաղաքական ուժ չենք, և պարզապես խիղճը չի թողնում ետ քայլ անել նման իրավիճակում։

Առաջնորդվելով մեր ազգի ու Հայրենիքի հանդեպ նախնիներից փոխանցած պատասխանատվությամբ՝ մենք հայտարարում ենք.

Դարեր շարունակ անգամ ամենախրթին ժամանակներում հենց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին էր պահում մեր ազգը ոչնչացումից, իսկ այժմ մենք պետք է պաշտպանենք Եկեղեցին։ Մենք նաև հավատում ենք, որ Աստծո պատիժը շուտով լինելու է անկասկած, և բոլորին, ով համարձակվեց հարվածել Եկեղեցուն և հոգևորականներին, սպասում է Աստծո դասաստանը՝ իրենց մեղքերը հաշված են, չափված են, կշռված են։

Պետական իշխանությունը երկրի քայքայման համար օգտագործող հանցագործները պետք է պատժվեն Օրենքով սահմանված կարգով և կրեն իրենց պատասխանատվությունը, այլ ոչ թե նախապատրաստվեն ընտրությունների։

Ընդդիմությունը պետք է դադարի տարանջատման գործընթացը և նախընտրական մանր քարոզարշավի փոխարեն անհապաղ միավորվի մեկ հիմնական նպատակի շուրջ՝ ձերբազատել Հայրենիքը Նիկոլի չարիքից և փրկել Հայաստանն այս ծանրագույն իրավիճակից։

Ընդ որում, Ռ. Քոչարյանն անձամբ չպետք է մասնակցի ընտություններին՝ ընդունելով նաև իր մեղքի բաժինը, իսկ «Հայաստան» դաշինքի առողջ ուժերը ևս պետք է ընդգրկվեն միավորման գործընթացում։ Ս.Սարգսյանին կոչ ենք անում բացել բոլոր փակագծերը՝ բացահայտելով, թե ինչպես հնարավոր դարձավ Նիկոլի «հեղափոխությունը»։ «Մեր Ձևով» շարժումը լավ կլիներ որ բացատրեր ի վերջո, թե ո՞րն է այդ նրանց ձևը, քանի որ ամիսներ շարունակ լավագույն դեպքում համերգներ են կազմակերպում՝ թույլ քաղաքական դիրքորոշմամբ։

Մենք նաև կոչ ենք անում ընդդիմությանը դիմելու Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին իր գերաշնորհ համաձայնությունը տալու՝ լինելու ՀՀ Վարչապետի պաշտոնի ընդդիմության միասնական թեկնածու։

Էլեոնորա Մանանդյան`
Մի խումբ հայ մարդիկանց անունից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment