Երկուշաբթի ուշ երեկոյան ԱՄՆ Սենատը հաստատել է երկար սպասված ֆինանսավորման փաթեթը, որով վերջ կդրվի կառավարության աշխատանքի մասնակի դադարեցմանը (շաթդաուն)․ գրում է CBS News-ը։
Շաթդաունի վերջնական ավարտի համար օրինագիծը դեռևս պետք է ստանա Ներկայացուցիչների պալատի հաստատումը և նախագահի ստորագրությունը։
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն ասել է, որ անդամները պետք է վերադառնան Վաշինգտոն «հենց հիմա»՝ շաբաթվա վերջին կայանալիք քվեարկությանը մասնակցելու համար։
Հիշեցնենք, որ շաթդաունի պատճառով երկրի պետական աշխատողները մեկ ամսից ավելի աշխատավարձ չեն ստանում․ օդային երթևեկության կարգավարներն ու օդանավակայանների աշխատակիցները նույնպես աշխատում են առանց վարձատրության։ Միլիոնավոր ամերիկացիներ զրկվել են անհրաժեշտ ծառայություններից օգտվելու հնարավորությունից․ Լրացուցիչ պարենային աջակցության ծրագրից (Snap) օգտվող ամերիկացիներն այս ամիս ստացել են իրենց հասանելիք օգնության միայն մի մասը։
Տարբեր գնահատականներով՝ շաթդաունի հետևանքով շաբաթական կորուստները գնահատվում են 10-15 միլիարդ դոլար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը սկսվել էր հոկտեմբերի 1-ին․ այն երկրի պատմության մեջ ամենաերկարն էր՝ 41 օր։
Կառավարության գործունեության մասնակի դադարեցման նախորդ ռեկորդը գրանցվել է Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում․ այն տևել էր 35 օր։