Վճռաբեկ դատարանն ուղենիշային որոշում է կայացրել. կալանքի վերացման հարցը կարող է քննվել քաղաքացիական դատավարության կարգով

Ինչպես Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ վճռաբեկ դատարանից, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը նոր որոշմամբ հստակեցրել է, թե երբ կարող է քրեական գործի շրջանակում գույքի վրա դրված արգելանքը (կալանքը) վերացվել քաղաքացիական դատավարության կարգով: Ուսումնասիրելով 2025 թվականի նոյեմբերի 3-ի թիվ ԵԴ/7692/02/22 որոշումը, ներկայացնում ենք մանրամասն իրավական վերլուծություն:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը

Բարձրագույն դատական ատյանն արձանագրել է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից անձին պատկանող գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումների (կալանքի, արգելանքի) պահպանման իրավաչափության վերաբերյալ վեճի՝ քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա լինելու հարցն ուղղակիորեն պայմանավորված է տվյալ քրեական վարույթի ավարտված կամ չավարտված լինելու փաստով:

Երկու տարբեր իրավիճակներ և դրանց լուծումները

Վճռաբեկ դատարանը սահմանել է հստակ տարբերակում՝ կախված քրեական վարույթի կարգավիճակից.

  1. Ավարտված քրեական գործ

Եթե քրեական գործի վարույթն ավարտված է, ապա՝

  • սպառված է վարույթի մասնակցի իրավունքների պաշտպանության քրեադատավարական գործիքակազմը
  • բացակայում է քրեական գործի շրջանակում անձի գույքի վրա դրված կալանքը (արգելանքը) քրեադատավարական ընթացակարգերով վերացնելու իրավական հնարավորությունը
  • քրեական վարույթի ավարտից հետո դադարում են տվյալ գործով քրեական հետապնդում իրականացրած մարմինների լիազորությունները՝ ներառյալ գործը քննած դատարանների՝ այդ գործի հետ կապված դատավարական գործողություններ և որոշումներ ընդունելու լիազորությունները

Այս պարագայում անձն իր իրավունքի պաշտպանության պահանջով կարող է դիմել դատարան քաղաքացիական դատավարության կարգով:

  1. Չավարտված քրեական գործ

Այն դեպքերում, երբ տվյալ քրեական գործով վարույթը դեռևս ավարտված չէ՝

  • դեռևս առկա են այդ գործի հետ կապված դատավարական գործողություններ և որոշումներ ընդունելու լիազորություններ ունեցող մարմիններ
  • պահպանվում է քրեադատավարական գործիքակազմով վարույթի մասնակցի իրավունքների պաշտպանության օրենքով երաշխավորված հնարավորությունը

Այս պարագայում քրեական գործի շրջանակում քրեական հետապնդումն իրականացնող մարմինների կողմից անձի գույքի վրա դրված կալանքը (արգելանքը) վերացնելու հարցը կարող է լուծվել բացառապես քրեադատավարական ընթացակարգերով:

Որոշման նշանակությունը

Վճռաբեկ դատարանի այս որոշումն ունի կարևոր նշանակություն իրավակիրառ պրակտիկայի համար, քանի որ առաջին անգամ հստակ սահմանում է, թե որ դեպքերում է հնարավոր քաղաքացիական դատավարության կարգով քննել քրեական գործի շրջանակում կիրառված արգելանքի (կալանքի) վերացման պահանջը:

Որոշումն առանցքային է դառնում հատկապես այն անձանց համար, ովքեր ավարտված քրեական գործերի շրջանակներում չեն կարողանում հետ ստանալ իրենց գույքը կամ դրա նկատմամբ կիրառված սահմանափակումների վերացումը:

Որոշման ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:






Կարդացեք նաև՝

Leave a Comment