«Փաստաթղթերի» շուրջ բանավեճը ոչինչ չի տա

Նրանք, ովքեր դիտել են Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների հարցազրույցները, իսկ այնուհետեւ կարդացել են ներկայիս վարչապետի նյարդային արձագանքները, ճիշտ են նկատել, որ անկախ ասածների բովանդակությունից, աչքի է զարնում ոճերի, մոտեցումների, բառապաշարների տարբերությունը: Փաշինյանի խոսույթը քաղաքական բանավեճի սահմաններից դուրս է, անզուսպ է, կռվազան, բամբասկոտ, վայել է «փողոցային ռազբիրատի»: Պարզ է, որ դա արտացոլում է ոչ միայն Հայաստանի ներկայիս ղեկավարի մտավոր եւ մշակութային ներաշխարհի առանձնահատկությունները, այլեւ իր հասցեատերերի, իր լսարանի, ՔՊ-ականների պատկերացրած «ժողովրդի» որակները:

Ընդդիմությունը կանգնած է երկընտրանքի առաջ՝ մտնել այդ՝ «քուչի կռվի» դա՞շտ, որտեղ ՔՊ-ականները, եկեք ընդունենք, գրեթե անգերազանցելի են, եւ որտեղ նրանց միակ մրցակիցն ԱՄՆ-ում բնակվող Վարդան Ղուկասյանն է, թե՞ փորձել մնալ քաղաքական խոսույթի շրջանակներում: Պարզ է, թե իմ մոտեցումը որն է, եւ ես տհաճությամբ եմ տեսնում, որ ընդդիմադիրները երբեմն նույնպես տուրք են տալիս այդ՝ ՔՊ-ական, անձնական կոմպրոմատի ոճին: Արդարացումն այն է, որ «մենք պետք է խոսենք իրենց լեզվով, որ ժողովուրդը մեզ հասկանա»: Չգիտեմ, գուցե եւ ճիշտ է՝ պարզապես այդ տեսակի «ժողովուրդը», որը պետք է «հասկանա», ինձ երբեք չի հետաքրքրել՝ լինի դա մեկ միլիոն, թե 10 միլիոն մարդ:

Բայց ուզում եմ իմ ընթերցողների, «ոչ ժողովրդի» ուշադրությունը դարձնել բազմիցս շոշափված հարցին՝ 2019 թվականի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկի վրա: Փաշինյանը խոստացել է ինչ-որ «բանակցային փաստաթղթեր» (ուշադրություն դարձրեք, ոչ թե առաջարկը, այլ «փաստաթղթերը») «սկան» անել եւ հրապարակել: Պարզ է, որ նա «սկան» կանի եւ կհրապարակի այն «փաստաթղթերը», որոնք իրեն ձեռնտու են եւ կուղեկցի դրանք իրեն ձեռնտու մեկնաբանություններով:

Դրանից հետո պաշտոնական քարոզչությունը կասի. «Ըհը՜, էդքան ասում էին՝ հրապարակեք: Հիմա տեսա՞ք, որ առաջարկը շատ վատն էր»: Կամ՝ «Ոչ մի առաջարկ էլ, ըստ էության, չկար»: Կամ՝ «Մենք ոչ մի առաջարկ էլ չենք մերժել»: Կարելի է եւս հազար բան մոգոնել՝ լեզուն ոսկոր չունի: Միեւնույն է, այդ հարյուր, թե ավելի էջը ամենաշատը 10 հոգի է կարդալու, իսկ «ժողովուրդը» ընկալելու է միայն այն ցայտուն, կիսագողական ձեւակերպումները, որոնք այդ «փաստաթղթերի» վերաբերյալ հնչեցնելու է Փաշինյանը:

 

Այդ «ժողովուրդը» շատ իմաստուն է:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment