Երևանը միացել է Bring Your Own Beamer (BYOB)՝ «Բեր քո սեփական պրոյեկտորը» համաշխարհային նախագծին։ hosq մշակութային հիմնադրամը նախաձեռնությունը ներկայացրել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքում։
BYOB-ը (Bring Your Own Beamer) յուրահատուկ ձևաչափ է, նախատեսված վիզուալ արվեստագետների և երաժիշտների համար։ Այն մեկօրյա, ազատ և փորձարարական հարթակ է, որտեղ յուրաքանչյուր մասնակից իր հետ բերում է սեփական տեսաքցող սարքը (պրոյեկտորը) կամ ինստալյացիան՝ ներկայացնելու իր աշխատանքը հանրությանը՝ տեսանյութի, անիմացիայի, վիզուալի, VJ սեթի, մեպփինգի, AR-ի կամ այլ նորարարական ձևաչափով։


Միջոցառումն անցել է անմիջական, կենդանի և անակնկալներով լի մթնոլորտում։ Այն միավորել է տասնյակ արվեստագետների մեկ ընդհանուր տարածության մեջ՝ վերածելով այն մեծածավալ համատեղ ինստալյացիայի։ Այս ձևաչափը չունի ցուցադրության դասական կանոններ․ չկան համադրողներ, ժյուրի կամ ընտրություն։ Սա պարզապես ստեղծագործական դաշտ է, որտեղ յուրաքանչյուրն ազատ է իր փորձերը ներկայացնելու և ուրիշների հետ գաղափարներ փոխանակելու համար։
Երևանում BYOB-ի թողարկման նախաձեռնողը արվեստագետ և երաժիշտ Միսակ Սամոկատյանն է, որը 2011 թվականից աշխատում է ինտերակտիվ, կինետիկ և աուդիովիզուալ ինստալյացիաների ոլորտում։ Նրա գործերը ներկայացվել են մի շարք միջազգային փառատոներում ու ցուցահանդեսներում, այդ թվում՝ True/False Festival (ԱՄՆ), Burning Man Russia, Moscow Biennale of Contemporary Art, Winzavod Centre for Contemporary Art (Ռուսաստան), Ուրվական Փառատոն, Հայ Արտ Մշակութային Կենտրոն և ՆՓԱԿ (Հայաստան)։



BYOB նախաձեռնությունը մեկնարկել է 2010 թվականին՝ արվեստագետ Ռաֆայել Ռոզենդալի գաղափարով, և արդեն իրականացվել է աշխարհի տարբեր քաղաքներում՝ Բեռլինում, Նյու Յորքում, Տոկիոյում, Սան Պաուլոյում, Լոնդոնում և Ամստերդամում։ Այժմ այս համաշխարհային շարժումը իր հաջող շարունակությունն ունի նաև Երևանում։
«Սունդուկյանի թատրոնի տարածքը վերածվել էր կենդանի լաբորատորիայի, որտեղ տեխնոլոգիաներն ու արվեստը միաձուլվել էին մեկ հարթակում։ Մասնակիցների էներգիան, ազատ ստեղծագործական մթնոլորտը և հանդիսատեսի արձագանքը դարձան վկայություն, որ Երևանը լիովին պատրաստ է նման բաց ձևաչափերի։ Սա ոչ միայն ցուցադրություն էր, այլ նաև համայնքային փորձառություն», -նշել է hosq հիմնադրամի նախագծերի ղեկավար Շողակաթ Մլքե-Գալստյանը։