ԱՄՆ-ն կասեցրել է Սիրիայի դեմ պատժամիջոցներն այսպես կոչված «Կեսարի ակտի» շրջանակում, սակայն դրանք թողել է ուժի մեջ Ռուսաստանի և Իրանի դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:
Ինչպես նշվում է նախարարության կողմից հրապարակված գրավոր հայտարարության մեջ, «Կեսարի ակտի պատժամիջոցները մասամբ կասեցվել են 180 օրով»։ Համապատասխան որոշումը կայացրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Սակայն կասեցումը չի վերաբերում «Ռուսաստանի և Իրանի կառավարությունների հետ կապված որոշակի գործարքների, ապրանքների, տեխնոլոգիաների, ծրագրային ապահովման և ծառայությունների, ինչպես նաև ռուսական և իրանական ծագում ունեցող միջոցների և ֆինանսավորման փոխանցմանը կամ մատակարարմանը», – նշվում է փաստաթղթում։
«Միացյալ Նահանգները այլևս համապարփակ պատժամիջոցներ չի կիրառում Սիրիայի դեմ։ «Կեսարի ակտը» կասեցվել է, բացառությամբ Ռուսաստանի և Իրանի հետ պատժամիջոցների տակ գտնվող գործարքների։ ԱՄՆ քաղաքացիական ապրանքների, ծրագրային ապահովման և տեխնոլոգիաների մեծ մասի փոխանցումը Սիրիա կամ դրա միջոցով թույլատրվում է առանց լիցենզիայի», – պարզաբանել է ֆինանսների նախարարությունը։
Այն նաև ընդգծում է, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի և նրա շրջապատի, Սիրիայում մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու անձանց, թմրանյութերի ապօրինի շրջանառության և տարածաշրջանային այլ անկայունացնող գործիչների դեմ պատժամիջոցները մնում են ուժի մեջ։ Հայտարարությունը հաստատում է, որ ԱՄՆ կառավարությունը «շարունակում է ուսումնասիրել» Սիրիան ահաբեկչությանը հովանավորող պետությունների ԱՄՆ ցուցակից հանելու հնարավորությունը։ Ավելին, նշվում է, որ ԱՄՆ-ից Սիրիա արտահանման վերահսկվող ապրանքները դեռևս պահանջում են հատուկ թույլտվություն։