Ի դեպ, նոյեմբերի 9-ին լրացել է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը։ Դրա նախօրեին Ադրբեջանում հաղթանակի շքերթ էր, որին ներկա էին Թուրքիայի և Պակիստանի նախագահները։ Այո, հենց այն նույն Պակիստանի, որի հետ վերջերս Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ էր հաստատել։
Շքերթի ընթացքում հնչել են 3 երկրների հիմներն ու 3 երկրների զինվորականներն էլ հպարտորեն քայլել են կենտրոնական հրապարակում։
Ադրբեջանը ցուցադրել է թե՛ պատերազմի ընթացքում հայկական զինուժից որպես ավար վերցված զենքերը, թե՛ վերջին տարիներին սեփական զինանոցում հայտնված նորագույն մարտական համակարգերը։
Խաղաղության պատրաստվող մեր այսպես ասած հարևանը պատերազմից հետո հատուկ ջոկատայինների թիվը կրկնապատկել է։ Ասում են՝ ուժեղ բանակը խաղաղության երաշխիք է։
Այդ ընթացքում զուգահեռ իրականություն է տիրում ՔՊ-ականների շրջանում։ Մարտունակ բանակը անվանափոխում են պաշտպանունակի, կրճատում են ռազմական բյուջեն, հպարտանում են ռոբոտ-շնիկով, կրճատում են ծառայության ժամկետը և այդպես շարունակ։ Ասում են՝ խաղաղություն է, բանակը ինչների՞ս է պետք։
Ո՞ր իրականությունը ավելի մոտ կլինի հանրությանը, որը՞ ավելի շուտ այսպես ասած տեղ կհասնի, եթե երկու տարբեր խաղաղությունների են պատրաստվում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները։
Նշենք նաև, որ ադրբեջանական շքերթում ելույթների տեքստը, բառապաշարը, բեմում ներկայացվածների կազմը բոլորովին չէր խոսում խաղաղության գնալու, փոխվստահության մթնոլորտ ստեղծելու մասին։
Մանրամասն՝ տեսանյութում։