Անընդունելի է ՀՀ-ում փաստաբանների աշխատանքի վրա ազդող օրենսդրական փոփոխությունների ընդունումը․CCBE-ն կոչով դիմել է ՀՀ կառավարությանը

Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրդը (CCBE)-ն անընդունելի է համարում ՀՀ-ում փաստաբանների աշխատանքի վրա ազդող օրենսդրական փոփոխությունների ընդունումը՝ առանց Փաստաբանների պալատի հետ բովանդակալից խորհրդակցությունների: Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ փաստաբանների պալատից։

Հետևաբար, մենք կոչ ենք անում ՀՀ իրավասու մարմիններին ապահովել Փաստաբանների պալատի լիարժեք ներգրավվածությունը փաստաբանների մասնագիտական գործունեությանը անմիջականորեն ազդող ցանկացած օրենսդրական նախաձեռնությանը, այդ թվում՝ հարկային փոփոխություններին վերաբերող, նրանց մտահոգությունները լուծելու և անհրաժեշտության դեպքում վերանայումներ կատարելու համար:

Ի լրումն, CCBE-ն Հայաստանի կառավարությանը հորդորում է ստորագրել և վավերացնել «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։ Այդպիսով, Հայաստանը ցույց կտա իր անսասան հանձնառությունը իրավունքի գերակայությանը, իրավաբանական մասնագիտության պաշտպանությանը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված սկզբունքներին։ Նման քայլը նաև կամրապնդի հանրային վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ և կնպաստի բոլոր քաղաքացիների արդարադատության իրական և հավասար հասանելիության ապահովմանը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀՀ փաստաբանների պալատը դիմել էր Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին՝ ներկայացնելով հարկային փոփոխությունների բացասական ազդեցությունը անձանց իրավունքների պաշտպանության, անվճար իրավաբանական օգնություն ստանալու հնարավորության, ինչպես նաև Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության վրա:

Leave a Comment