ՄԻՊ-ի ներկայացուցիչները մասնակցել են Անվտանգության ոլորտի բարեփոխումների ընթացիկ առաջընթացը և մարտահրավերները» խորագրով քննարկմանը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2025 թվականի նոյեմբերի 5-6-ը մասնակցել են Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի՝   «Անվտանգության ոլորտի բարեփոխումների ընթացիկ առաջընթացը և մարտահրավերները» խորագրով քննարկմանը։ Iravaban.net–ը տեղեկանում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Հանդիպման նպատակն էր խթանել անվտանգության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի միջև երկխոսությունը՝ ուղղված բարեփոխումների շարունակականության ապահովմանը, ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների հզորացմանը և մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակի ապահովմանը պաշտպանական և իրավապահ ոլորտներում։

Հանդիպմանը մասնակցել են պետական կառավարման մարմինների, իրավապահ համակարգի, խորհրդարանական հանձնաժողովների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը և Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Վանուհի Կարապետյանը՝ որպես հիմնական զեկուցողներ,  միջոցառմանը հանդես են եկել ելույթներով։

Ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումները պաշտպանության ոլորտի բարեփոխումների, զինծառայողների սոցիալական և տնտեսական իրավունքների ապահովման, ինչպես նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ ամրապնդման վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել  ոստիկանության և իրավապահ մարմինների բարեփոխումների գործընթացում մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանը, մասնագիտական էթիկայի և բարեվարքության մշակույթի կատարելագործման անհրաժեշտությանը, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման և վերահսկման արդյունավետ մեխանիզմներին։

Ելույթների ընթացքում ընդգծվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բազմիցս բարձրաձայնված խնդիրների կարևորությունը, մասնավորապես՝

  • զինված ուժերում և իրավապահ մարմիններում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ապահովման,
  • քրեական արդարադատության համակարգում մարդու արժանապատվության, իրավունքի երաշխիքների լիարժեք իրացման,
  • ինչպես նաև պետական մարմինների թափանցիկության, հաշվետվողականության և հանրային վստահության ամրապնդման անհրաժեշտությունը։

Միջոցառումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից՝ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության, Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) համագործակցությամբ՝ Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունների ֆինանսական աջակցությամբ։






Կարդացեք նաև՝

Leave a Comment