Ալեն Սիմոնյանը բացահայտել է Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը «Հաղթելու ենք» կարգախոսի նկատմամբ 2020թ. պատերազմի օրերին

Iravaban.netը ներկայացնում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ այսօր իր տելեգրամյան ալիքում հրապարակած գրառումը, որտեղ նա բացահայտել է 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին տեղի ունեցած հեռախոսազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Սիմոնյանի գրառման համաձայն, 2020 թվականի սեպտեմբերի 28-ին կամ 29-ին վարչապետ Փաշինյանն անհանգստացած է եղել «Հաղթելու ենք» կարգախոսով, որն այն ժամանակ լայն տարածում էր ստացել:

Սիմոնյանը ներկայացրել է զրույցը հետևյալ կերպ.

«Զանգ եմ ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Ն.Փ. – Ալեն, ո՞վ է այդ կարգախոսը դրել շրջանառության մեջ՝ «Հաղթելու ենք»-ը: Ա.Ս.- Չգիտեմ, պարոն վարչապետ, մենք չենք, բայց արդեն տարածվել է: Ն.Փ.-Վատն է շատ, դա պարտվողական կարգախոս է, հեչ լավը չի: Ա.Ս.- Գիտեմ, ի՞նչ ասեմ, պարոն վարչապետ, արդեն խանութների, մեքենաների վրա են համատարած գրում, էլ բան չի լինի փոխել: Ն.Փ.- Չգիտեմ, բայց լավը չի:»

Հատկանշական է, որ Սիմոնյանը այս տեղեկատվությունը հրապարակել է այն օրը, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռուստահարցազրույցում խոստովանել է, որ 44-օրյա պատերազմի երկրորդ օրը ինքը Ղարաբաղում էր և այն, ինչ տեսել է, իրեն համոզել է, որ այդ պատերազմում հայկական կողմը պարտվելու է:

Պատերազմի ժամանակ «Հաղթելու ենք» կարգախոսը դարձել էր հայկական կողմի հիմնական նշանաբանը, որը լայնորեն տարածվել էր թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ հանրային տարածքներում: Սակայն, ինչպես պարզվում է Սիմոնյանի գրառումից, պատերազմի հենց սկզբում ՀՀ վարչապետը այդ կարգախոսը համարել է «պարտվողական»:

Ալեն Սիմոնյանի այս հրապարակումը հարցեր է առաջացնում պատերազմի ժամանակ իշխանությունների վարած տեղեկատվական քաղաքականության և հասարակությանը ներկայացված պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ:






Կարդացեք նաև՝

Leave a Comment