Ղարաբաղում տարած հաղթանակը ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ թյուրքական աշխարհի հաղթանակն է. Էրդողան

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվի զորահանդեսից վերադառնալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

 Մասնավորապես, Թուրքիայի պետության ղեկավարը հայտարարել է, որ «հինգ տարի առաջ մենք (Թուրքիան) ցույց տվեցինք մեր ամենաուժեղ աջակցությունը Ադրբեջանին 44-օրյա պատերազմում… Հարաբերությունները (Թուրքիայի և Ադրբեջանի միջև), որոնք 2021 թվականին մեր կողմից ստորագրված Շուշայի /օկուպացված Շուշիի-խմբ./ հռչակագրի շնորհիվ հասան դաշինքի մակարդակի, շարունակում են ամրապնդվել բոլոր ոլորտներում կոնկրետ նախագծերով։ Այս այցի ընթացքում մենք հնարավորություն ունեցանք գնահատելու մեր երկկողմ հարաբերությունները (Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիևի հետ»։

Թուրքիայի նախագահը հիացմունք է հայտնել Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում /օկուպացված Արցախում – խմբ./ ընթացող վերականգնման և վերակառուցման աշխատանքների կապակցությամբ:

Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան ողջունում է «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շրջանակներում ձեռնարկվող քայլերը։ Ավելին, մենք բազմիցս գոհունակություն ենք հայտնել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կողմերի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։ Ավելի քան 30 տարվա անկայունությունից հետո Հարավային Կովկասում բացվել է երկարատև խաղաղության և հանգստության հնարավորություն։ Խաղաղության գործընթացի արագ ավարտը պատերազմում հաղթող Ադրբեջանին կներկայացնի որպես տարածաշրջանում խաղաղության ճարտարապետ»։

Թուրքիայի նախագահը Ղարաբաղում տարած հաղթանակը անվանել է ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ թյուրքական աշխարհի հաղթանակ. «…Մենք ասացինք թե՛ ընկերներին, թե՛ թշնամիներին. «Թուրքիան մինչև վերջ Ադրբեջանի հետ է»… Թուրքական անօդաչու թռչող սարքերը՝ մեր ինժեներների աշխատանքով ստեղծված համակարգերը, դարձել են թյուրքական ոգու, թյուրքական կամքի և թյուրքական քաջության խորհրդանիշներ։ Հաղթանակից հետո տարածաշրջանում խաղաղության քամիներ են փչում, և Թուրքիան ուրախ է դրա համար»։

Թուրքիայի նախագահը նշել է, որ «մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում ենք Ադրբեջանի հետ համակարգված… Միևնույն ժամանակ, մենք նաև հայտարարում ենք մեր զրուցակիցներին, որ ոչ մի դեպքում թույլ չենք տա, որ խախտվեն Ադրբեջանի իրավունքները այս հարցում»։

Leave a Comment